«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի և Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները:
Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, օգոստոսի 14-ին մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ Խոսրովի անտառ էին մեկնել մարզպետարանի աշխատակիցներն ու Արտաշատի և Արարատի տարածաշրջանների 51 համայնքների ղեկավարները: Սակայն, պարզվում է, տեղում նրանք հրաժարվել են կատարել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ հրդեհաշիջմանն օգնելու հանձնարարականները՝ պատճառաբանելով, թե ենթարկվում են ոչ թե նախարարին, այլ մարզպետին: Սա, բնականաբար, դուր չի եկել Արծվիկ Մինասյանին, որն էլ պահանջել է մարզպետարանի աշխատակիցներից ու գյուղապետերից անհապաղ լքել տարածքը:
«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հաստատել է կատարվածը՝ բավական վրդովված պատմելով. «Ես որևէ անգամ որևէ մարմնի մասին բացասական բաներ չեմ ուզում ասել, բայց սա նաեւ դաս է, որպեսզի պետական մարմինները, համայնքային իշխանությունները կարողանան կազմակերպված աշխատել: Ես այստեղ, օրինակ, մարզային իշխանությունների արդյունավետ աշխատանք չեմ տեսել»: Այնուհետեւ, բնապահպանության նախարարը բավական կոպիտ է խոսել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հասցեին՝ շեշտելով, որ հրդեհաշիջման օրերին նրան չի տեսել դեպքի վայրում. «Չեմ տեսել ու չեմ ուզում առհասարակ անդրադառնալ էդ թեմային, չնայած ասում են, որ եկել է, գնացել է, ինչ-որ մարդիկ է բերել: Էդ մարդկանց ես հանդիպեցի, հրահանգեցի բարձրանալ վերև, բայց իրենք ասացին՝ ոչ, ենթարկվում են մարզպետին: Ու ես հեռացրի նրանց այդ տարածքից: Մեզ նման մարդիկ պետք չեն, որ գան, այստեղ նստեն ու առանց պատասխանատվություն զգալու, երբ վերևում օգնության կարիք կա, իսկ իրենք պարզապես ձևականության հետեւից են ընկել: Ես, առհասարակ, չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին»,- պատմել է Արծվիկ Մինասյանը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Սակայն նա բավական նյարդայնացած արձագանքեց՝ հայտարարելով, որ հրդեհաշիջման օրերին պասիվ չի եղել, ու այդ մասին խոսակցությունները պատվերի հետեւանք են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: