Հայաստանի հավաքականի նախկին անդամ ծանրորդուհի Մել (Մելինե) Դալուզյանը, ով բնակություն է հաստատել Հոլանդիայում, դանակահարվել, հայտնել է նրա ընկեր Արթուր Մինասյանը։
«Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել «Albert Heijn» սուպերմարկետի դրամարկղն՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելը, այդ պահին գնումներ էր կատարում, և, տեսնելով տեղի ունեցողը, աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին» ։
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին՝ կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելը, անգամ վիրավոր վիճակում, թույլ չի տվել նրանց փախչել։
Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ կայուն։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը։