«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում, պարզվում է, դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք, չնայած երկրում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, իրենց ունեցվածքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի բաջանաղը:
Այս կառույցից հայտարարագիր ներկայացրել է միակ բարեխիղճ պաշտոնյան` Էմին Ավետիսյանը, այն էլ, ըստ Էդգար Խուրշուդյանի, սխալվել է: «Մեզանից չի պահանջվում, դրա համար չենք ներկայացրել, օրենքի խախտում ա, խախտում չէ, էդ կինոները հետո թող մնան»,-«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասաց նա: Պարզվում է` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը համապատասխան «կոդ» չունի, որպեսզի հայտարարագիրը ներկայացնի:
«Մինչեւ դա չլինի, մենք չենք կարող դա ներկայացնել: Այն տեսչական մարմինների ղեկավար անձինք ունեցել են այդ կոդը եւ հայտարարագիր են ներկայացրել, բայց մեր տեսչական մարմինը չունի»,- արդարացավ իրավաբան ներկայացած Եսթեր Զադոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: