Շիրակի ՀՀԿ մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանի կրթաբիզնեսային զարմանահրաշ գործունեությունից տեղյակ է գրեթե ամբողջ մարզը…
Ուսումնասիրելով սույն վատահամբավ կերպարի գործունեությունը` ավելի եմ սարսափում դրա բարոյականության բացակայության վրա…
Վերջին շրջանում բավական ակտիվացել են Շիրակի մարզում Ախուրյան գետի վրա գտնվող ՀԷԿ-րի սեփականատերերի բողոքները, որոնցից մեկի՝ “Էրստեդ” ՍՊԸ-ին պատկանող “Ամասիա” ՀԷԿ-ի սեփականատերը Սահակ Մինասյանն է… Այս հարցի շուրջ համացանցում տեղեկություններ փնտրելուց մի հետաքրքիր փաստաթուղթ գտա (տե՛ս ՝ https://www.ecolur.org/hy/news/water/—/10581/… )…
Պարզվում է` Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թ-ի նոյեմբերի 19-ին, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը (վերջինս ՀՀԿ-ից, իր ասելով, դուրս է եկել 2019 թ-ի ապրիլի 7-ին) մյուս 2 ՀԷԿ-րի սեփականատերերի հետ “բաց նամակ” է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր բոլոր ձախողումների մեջ մեղադրել է, այո՛, չզարմանաք, Հայաստանի նախկին իշխանություններին, այսինքն` ՀՀԿ-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը “երկրում ստեղծել էր ներկլանային կոռուպցիոն կապեր և խոչընդոտում էր փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը”… Բացի այդ, Սահակ Մինասյանը տխրահռչակ է անվանում նաև գեներալ Մանվել Գրիգորյանին…
Ես մի կողմ եմ դնում Սերժ Սարգսյանի և Մանվել Գրիգորյանի ո՛վ լինելը… Այստեղ խնդիրը այն է, թե իսկ ո՛վ է նրանց քննադատողը… Եթե մյուս 2 ՀԷԿ-րի ղեկավարները ինչ-որ չափով,երևի, կարող են դա անել, ապա Սահակ Մինասյանը՝ ո՛չ…
Զավեշտալին այն է, որ այս ամենի տակ իր ստորագրությունը դրած “բարոյականության մարմնավորում և իր բարի համբավի” մասին շատ մտածող Սահակ Մինասյանն արել է այն ժամանակ, երբ ՀՀԿ անդամ էր… Հետաքրքիր է, ով է նրան թույլ տվել մարդկանց տխրահռչակ անվանել, երբ իր գործունեությանը լավատեղյակները նույնաբովանդակ ձևով են մեկնաբանում նրա կրթական և այլ ոլորտներում ծավալած գործունեությունը…
Շատ կուզենայի տեսնել Սերժ Սարգսյանի դեմքը, երբ իմանա, թե իր “աճեցրածը”, ում բազմաթիվ հանցագործությունները դեռ քննման փուլում են, ով ուղղակի սնանկացրել է Շիրակի պետհամալսարանը, ում համապատասխան ոլորտի ներկայացուցիչները մեղադրում են Շիրակի հանրակրթության ոլորտը ոչնչացնելու մեջ, ում “հակագիտական” լինելը հայտնի է նույնիսկ այս իշխանություններին,հիմա իր վրա ցեխ է շպրտում և մեղադրում “ներկլանային կոռուպցիոն կապեր ստեղծելու” մեջ…
Չնայած Սերժ Սարգսյանն արժանի էր իր կողքին ունենալու սույն կերպարի նմաններին…
Հ.Գ. Որքան կռահում եմ, պարոն Մինասյանն իրեն թիկունք կանգնած մեկի գործելաոճն է փորձում ընդօրինակել, ով դավաճանելով ՀՀԿ-ին շատ արագ գնահատվեց “քայլողների” կողմից… Չեմ զարմանա, եթե Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի օրոք իրեն “ձուկը ջրում” զգացած շիրակցի “կոմբինատորը” նաև գնահատվի Փաշինյանի կողմից…
Գագիկ Համբարյան