ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ մասնակցելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորելեն Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար Այսարինը և Նուր-Սուլթանի փոխքաղաքապետ Նուրլան Նուրկենովը:
Դիմավորողների մեջ կին կարծես թե չկար, և այդ դեպքում անհասկանալի էր, թե ո՞ւմ համար էր նախատեսված Նիկոլ Փաշինյանի ձեռքի վարդերի շքեղ ծաղկեփունջը, այս մասին հայտնում է 168.am–ը:
Մենք փորձեցինք հարցի պատասխանը ստանալ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից։ Վերջինս մեզ խորհուրդ տվեց այդ հարցի համար զանգահարել արարողակարգ։
– Ճիշտն ասած՝ ես չեմ նկատել։ Ավելի շուտ ենք իջել, և նստել եմ մեքենայի մեջ, չեմ նկատել,- ասաց Վլադիմիր Կարապետյանն ու ավելացրեց,- իսկ ո՞ւմ համար կարող էին լինել ծաղիկները։
Պատասխանեցինք, որ մենք էլ ենք դա ուզում հասկանալ, քանի որ դիմավորողների մեջ կին կարծես թե չկար։
– Ի՞նչ կա էդտեղ գլխի ընկնելու, եթե ծաղիկ են տվել, խնդիրն ինչո՞ւմ է,- տարակուսեց վարչապետի խոսնակը,- միայն տիկնո՞ջն են տալիս ծաղիկ։
– Տղամարդուն է՞լ են տալիս ծաղիկ,- արձագանքեցինք մենք։
– Ձեր աշխարհընկալման մեջ այդպե՞ս է,- ասաց Վլ.Կարապետյանը։
– Իմ աշխարհընկալման մեջ՝ այո…
– Դե՜, հասկանալի է, դրա համար էլ հարցն առաջացել է։
Հ.Գ. Այսօր փորձեցինք կապ հաստատել վարչապետի արարողակարգի բաժնի հետ՝ ճշտելու համար, թե ում համար էին նախատեսված վարդերը, սակայն մեր զանգերը, թերևս, կապված աշխատանքային օրվա ավարտի հետ, մնացին անպատասխան։ Իսկ գուցե ոչ թե Ն. Փաշինյանն էր նվիրում, այլ իրե՞ն էին նվիրել։ Միգուցե Ղազախստանում ընդունվա՞ծ է բարձրաստիճան պաշտոնատար անձանց դիմավորելիս, անկախ սեռային պատկանելությունից, ծաղիկներ նվիրել։