Աբովյանի համայնքապետարանի կողմից 2019 թվականի մարտի 7-ին կայացրած թվով 67 միավոր համայնքային սեփականության բնակավայրի նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա՝ ՀՀ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մերժվել է նաև նույն գործով մարզպետի կողմից Կոտայքի մարզի դատախազին բերված բողոքը:
Կոտայքի մարզպետարանը գտել է, որ ինչպես հետաքննության մարմնի, այնպես էլ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի կայացրած որոշումներն անօրինական են:
Իսկ իրականում Կոտայքի մարզպետը հայտնվել է վատ վիճակում: Ի սկզբանե, Կոտայքում մարզպետը Աբովյանի քաղաքապետի հետ աշխատանքային հարաբերություն չի կարողանում ձևավորել:
Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու համար։
Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հակառակն էր փորձում ապացուցել. «Մարզում լուծվում է իրավական, պետության նորմերին հարիր խնդիր, ընդամենը»: Հիմա Ռոմանոս Պետրոսյանը մտածում է, որ որոշումը անօրինական է, այսինքն՝ եթե ամեն ինչ իր սրտով չի եղել, նշանակում է անօրինական են գործել: