«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ լրատվական կայքերը, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում, թե ՌԴ իշխանությունները բավարարել են Հայաստանում հարուցված քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդությունը, ՀՀ պատկան մարմինները, սովորության համաձայն, լռում են:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից այդպես էլ հստակ պատասխան չստացվեց՝ ի վերջո բավարարվել է միջնորդությունը, թե ոչ: Նման անորոշություն էր նաեւ ՀՀ ԱԳՆ-ում: Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս կապակցությամբ պատասխան ստանալ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, սակայն կրկին ապարդյուն. նրանք եւս որեւէ ինֆորմացիայի չէին տիրապետում:
Եվ սա այն դեպքում, երբ խոսքը ՀՀ քաղաքացու, գեներալի կոչում ունեցող նախկին պաշտոնյայի մասին է: Ավելորդ է, թերեւս, բացատրել, թե քաղաքական առումով ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ Մ. Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան տալը:
Ստացվում է՝ ՌԴ-ն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի հետ տնտեսական եւ ռազմաքաղաքական ընդհանուր միավորման մեջ, իր այդ քայլով կընդունի՝ մեր երկրում չկա ժողովրդավարություն, այլ կան քաղաքական հալածյալներ: Իսկ սա արդեն վատ մեսսիջ է աշխարհին, եւ հարված ՀՀ իմիջին:
Թեեւ, իրականում բոլորի համար պարզ է, որ հարուցված քրեական գործը բացառապես իրավական դաշտում է, թելադրված է բացառապես ՀՀ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությամբ, եւ որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրավոր հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն, եւ ստանալուն պես կհրապարակենք այն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում