Search
Close this search box.

Կգործարկվի կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման համակարգ

ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով՝ 2017 թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում 12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջը։

«12-ամյա կրթության պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է։ Մենք այստեղ խնդիր ունենք յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման հետ։ Նախկինում շատ երեխաներ, ավարտելով 9-րդ դասարանը, չէին գնում ավագ դպրոցներ, մի որոշ հատվածը գնում էր կամ միջին մասնագիտական հաստատություններ, կամ արհեստագործական, իսկ սեպտեմբերի մեկից դա դառնում է պարտադիր։ Երեխան պարտադիր պետք է հաճախի կամ ավագ դպրոց, կամ արհեստագործական, կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն»,- ասաց պարոն Արշակյանը։

Վերջինս նկատեց, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա՝ այդ երեխաների բազան ունենալու, ճշտելու և նրանց կրթությունը կազմակերպելու հետ կապված։

Ըստ նրա՝օրենքի պահանջ է, որ մենք մինչև 2025 թվականը Հայաստանն անցում է կատարելու համընդհանուր ներառական կրթության, և այստեղ խնդիր կա՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հետ կապված, որովհետև որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու հետևանքով շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից։ Պատճառը, ըստ պարոն Արշակյանի, այն է, որ որոշ դեպքերում վեց տարին լրացած որոշ երեխաների ծնողները չեն ուղարկում դպրոց՝ պատճառաբանելով, որ փոքր է տարիքը։

«ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Կրթության և գիտության նախարարության և Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ սեպտեմբերից մեկնարկելու է մի ծրագիր, որը խնդիր է լուծելու կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման և դպրոց ուղղորդման, կրթության կազմակերպման հետ կապված»,- նշեց պարոն Արշակյանը և տեղեկացրեց, որ ծրագիրը սկզբում կգործարկվի Լոռու մարզում, ապա 2018 թ. սեպտեմբերից կտարածվի ամբողջ ՀՀ-ում։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի դիտարկմամբ՝ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը միայն ԿԳՆ-ի խնդիրը չէ։ Նրա խոսքով՝ ըստ վիճակագրական տվյալների՝ 2015-16 ուստարում հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը մոտավորապես 300 է, որը մեկ տոկոսից շատ քիչ է, այստեղ խոսքն այն երեխաների մասին է, որոնք գոնե մեկ անգամ եղել են դպրոցում և դուրս են մնացել։

«300-ի մեծ մասը կազմում են այն երեխաները, որոնց ծնողները չեն ուղարկում երեխաներին դպրոց՝ պատճառաբանելով ծանր սոցիալ-տնտեսական վիճակը։ Երբ մենք գործ ունենք սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքի երեխայի հետ, այստեղ պետք է ներգրավված լինի ոչ միայն ԿԳՆ-ն, այլ նաև Սոցապ նախարարությունը»,- ասաց տիկին Պողոսյանը։

Իսկ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ պետք է հստակ տարանջատել «կրթությունից դուրս մնացած երեխա» և «կրթությունն ավարտած կամ կիսատ թողած երեխա» հասկացությունները, որովհետև հաշվառում են միայն տվյալ ուսումնական տարում ուսումն անավարտ թողած երեխաներին.

«Այսինքն՝ որևիցե մեկը չի կարող ասել՝ օրինակ, եթե նախորդ ուսումնական տարում 300 երեխա անավարտ է թողել իր ուսումը, ապա այս սեպտեմբերին նրանց քանի տոկոսը կվերադառնա դպրոց՝ վիճակագրության առումով, բայց մեր ստեղծած համակարգն արդեն իսկ հնարավորություն կտա կոնկրետ հետևել ցանկացած երեխայի և հասկանալ, թե տվյալ դեպքում այդ նո՞ւյն երեխան է, որ սեպտեմբերին չի շարունակում գալ դպրոց, թե՞ մեկ այլ երեխա է սեպտեմբերից կամ մեկ այլ ամսի դադարում հաճախել դպրոց և անավարտ է թողնում ուսումը»։

Ըստ Ա. Պողոսյանի՝այս համակարգով կարողանում են հետևել դպրոց մտած ցանկացած երեխայի, նույնիսկ, եթե նա շարունակում է կրթությունն արհեստագործական հաստատությունում, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում՝ 9-րդ դասարանի հիմքով, և նույնիսկ բուհերում՝ 12-ից հետո։ Բանախոսը նկատեց, որ փաստաթղթային առումով էլ հեշտանում է գործը. «Երեխան իր փաստաթղթերը մի դպրոցից մյուս դպրոց թղթային չի տանում իր հետ, այլ համակարգը մեկ սեղմակի միջոցով հնարավորություն է տալիս այդ երեխայի մասին ամբողջ տեղեկատվությունը մեկ ուսումնական հաստատությունից տեղափոխել մեկ այլ ուսումնական հաստատություն»։

Արտակ Պողոսյանի խոսքով՝ համակարգը ցույց է տալու բոլոր այն երեխաներին, որոնք 2011 թ. ծնվել են ՀՀ-ում, բայց որևէ դպրոցում ներկայացված չեն։ Սոցիալական ծրագիր իրականացնողները ստանալու են համապատասխան ահազանգ, որ տվյալ համայնքի այս երեխաները չեն հաճախում դպրոց։

Պարոն Պողոսյանն ասաց, որ համակարգի մյուս հատվածը վերաբերում է դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաներին, որոնք ինչ-ինչ պատճառներով ուսումնական տարվա կեսից անավարտ են թողնում կրթությունը։ Համակարգում մի քանի գերատեսչություններ աշխատանք են կատարելու՝ համայնքը, Առողջապահության նախարարությունը, համայնքային պոլիկլինիկաները, Սոցապ նախարարությունը, Ոստիկանությունը և ԿԳՆ-ն։

Համակարգում նշվելու է այն խնդիրը, թե ինչու երեխան չի հաճախում դպրոց, և համապատասխան մարմնին է ուղարկվելու խնդիրը, համակարգը բաց է լինելու վերոնշյալ մարմինների համար, և յուրաքանչյուրը լուծելու է իրեն վերաբերող խնդիրը։ «Համակարգը կունենա վիճակագրական մաս նաև, որտեղ կերևա, թե քանի՞ դեպք է եղել, քանի՞սն են լուծված, քանի՞սը դեռ չեն լուծվել, և որո՞նք են այն խնդիրները, որոնց պատճառով երեխաները չեն հաճախում դպրոց»,- ասաց պարոն Պողոսյանը:

Please enter a valid URL