Search
Close this search box.

«Էլի լակել ե՞ս». Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում գտնվող տղամարդուն

1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Արշակ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Արշակին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին Արշակը անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատաքննության փուլում երիտասարդն արդեն 18-ը բոլորել էր:

Արշակի հայրը նրա կենսաբանական մոր հետ ամուսնացած չի եղել: Արշակն ու քույրը մեծացել են հոր մոտ, հայրն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ:

Արշակի կենսաբանական մայրն ապրել է վարձակալությամբ՝ քաղաքի տարբեր մասերում, վարել է անկանոն կյանք, չարաշահել է ալկոհոլը…

Այնուամենայնիվ, հայրը չի արգելել Արշակի շփումը մոր հետ, Արշակը երբեմն այցելել է մայրիկին:

Դեպքի պահին վերջինս վարձակալությամբ ապրում էր Ջրվեժում:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 10-ին Արշակն այցելել է մորը, ասել է, թե ընկերների հետ է հանդիպելու: Նա մոր տանից վերցրել է հեռախոսի լիցքավորիչ: Մայրը, որդու դուրս գալուց առաջ, նրան բանալի է տվել ու առաջարկել է՝ եթե ուշ լինի, տղան քաղաքի մյուս ծայրը չհասնի, գա ու գիշերի իր տանը…

Ժամը 23-ի սահմաններում Արշակը եկել է մոր վարձակալած բնակարան, իր բանալիով բացել է դուռը…

17-ամյա տղան անակնկալի է եկել՝ մոր անկողնում տեսնելով մերկ տղամարդու…

Արշակը զայրացել է մոր վրա՝ տեսնելով, որ նա նաև անսթափ վիճակում է: Մորն ասել է. «Էլի լակել ե՞ս»:

Բնակարանում գտնվող տղամարդը՝ 35-ամյա Ա. Կ.-ն, իր հերթին սկսել է անպատվել Արշակին՝ մոր հետ կոպիտ խոսելու համար: Արշակը գիտակցել է, որ տղամարդը պատահական չի հայտնվել մոր տանը՝ «պատուհանից չի ներս մտել», այդ պատճառով առանձնապես հակակրանք չի ունեցել նրա հանդեպ:

Սակայն նրա խոսելու տոնից զայրանալով՝ կոպիտ է պատասխանել: Արշակն ու Ա. Կ.-ն սկսել են հայհոյախոսել միմյանց հասցեին: Ա. Կ.-ն, որ ֆիզիկապես ուժեղ էր անչափահաս տղայից, ցանկացել է մոտենալ նրան: Արշակը հրել է: Ա.Կ.-ն վայր է ընկել՝ մեջքով ընկել է մոտակա լրագրասեղանին, որի վրա ապակե սկահակ կար: Սկահակը ջարդվել ու վնասել է տղամարդու մեջքը:

Նա ոտքի է կանգնել:

Շարունակվել է վեճը Արշակի ու Ա.Կ.-ի միջև: Վեճի ընթացքում Արշակը վերցրել է խոհանոցային դանակն ու մի քանի անգամ հարվածել է Ա. Կ.-ին՝ վնասելով թոքը, առաջացնելով արյունահոսություն:

Տեսնելով, որ Ա. Կ.-ն թուլացավ՝ Արշակը դուրս է եկել մոր տանից, ճանապարհին նետել է դանակը…

Արշակի մայրը սառը թրջոց է դրել դանակահարված տղամարդու վերքերի վրա՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով: Շտապօգնություն չի կանչվել: Պառկել են… քնելու…

Կինը քուն է մտել, իսկ երբ արթնացել է, տեսել է, որ տղամարդը արդեն մահացել է՝ «սառել է»:

Կինը սկսել է զանգահարել ծանոթներին, Ա.Կ.-ի մահվան մասին հայտնի է դարձել ապրիլի 11-ի երեկոյան…

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողի մահը վրա է հասել արյան սուր կորստից՝ հեմոռագիկ ու տրավմատիկ շոկից…

Ա. Կ.-ի ծնողները որդու մահվան մասին իմացել են շատ ժամեր անց…

Դատարանում Արշակ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ հայտարարելով, որ դիտավորություն չի ունեցել տուժողին սպանելու:

Պաշտպանական կողմի տեսակետով՝ Արշակ Գ.-ն դանակի մի քանի հարված է հասցրել տուժողին, սակայն չի սպանել, տեսնելով, որ Ա. Կ.-ն թուլացավ, Արշակը հեռացել է: Եթե նա ցանկանար սպանել Ա. Կ.-ին, կշարունակեր դանակով հարվածներ հասցնել՝ մինչև մահ պատճառելը:

Արշակը հեռացել է՝ տուժողին թողնելով մոր հետ՝ ո՛չ մենակ, սակայն Արշակի հեռանալուց հետո շտապօգնություն չեն ահազանգել, դանակով հասցված վերքերին սառը թրջոց են դրել ու պառկել են քնելու… Ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվել, մարդը մահացել է հեմոռագիկ ու տրավմատիկ շոկից, դիտավորյալ սպանություն չի եղել կատարվածը… Տուժողին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում տուժողը մահացել է…

Գործի նախաքննության ընթացքում Արշակ Գ.-ի նկատմամբ նշանակվել ու անցկացվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ դեպքի պահին Արշակ Գ.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, նա լարված ու հուզված հոգեվիճակում է եղել, այդ լարվածությունն ու հուզվածությունը աֆեկտի աստիճանի չեն հասել…

Դեպքի օրն Արշակը Նորքի զանգվածում հանդիպել էր մանկության ընկերոջը:

Ըստ այդ վկայի՝ դեպքի օրն ինքն ու ևս մի ընկեր Արշակին հանդիպել են «Ծիածան» հանրախանութի մոտ: Զբոսնել են, ժամանակ են անցկացրել:

Ժամը 23-ի սահմաններում Արշակն ընկերներին ասել է, թե գիշերելու է գնում մոր տուն: Ընկերները գիտեին, որ Արշակի մայրն առանձին է ապրում: Տաքսի են կանչել, Արշակին տաքսիով ճանապարհել են մոր տուն:

Գիշերվա ժամը մեկի սահմաններում զանգել է երրորդ ընկերն ու ասել է, թե Արշակին դեպք է պատահել՝ նա մարդ է դանակահարել: Խնդրել է, որ վկան դուրս գա տանից՝ Արշակին օգնեն:

Վկան դուրս է եկել տանից: Արշակն ու մյուս ընկերը արդեն սպասում էին: Արշակը մանրամասներ չի պատմել՝ ընկերները զգացել են, որ նա չի ցանկանում մանրամասների մասին խոսել: Նրանք Արշակին են տվել իրենց մոտ եղած փողերը ու գնացել են իրենց տները: Թե ուր է գնացել Արշակը՝ չեն հետաքրքրվել…

Նախաքննական ցուցմունքում նույն վկան հայտնել էր, որ Արշակն իրենց ընդհանուր ընկերոջը պատմել էր, թե մոր տանը հանդիպել է տղամարդու, վիճել է հետը ու դանակով հարվածել է…

Դատաքննության փուլում հայտնի է դարձել, որ Արշակի հայրը տառապում է ծանր հիվանդությունից:

Դատարանը բժշկական փաստաթղթերի հիման վրա համոզվելով, որ վերջինս հիվանդության պատճառով դատարան ներկայանալ չի կարող, հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը:

Արշակի հայրը հայտնել էր, թե ինքն ու կինը երեխաներ չեն ունեցել:

90-ականներին ծանոթացել ու արտաամուսնական կապով ապրել է Արշակի կենսաբանական մոր հետ: Վերջինիցս երկու երեխա ունի, որոնք մեծացել են ոչ թե կենսաբանական մոր, այլ իր ու իր կնոջ հետ: Արշակը դեպքից ամիսներ անց պետք է բանակ զորակոչվեր:

Դեպքի օրը Արշակը հորն ասել է, թե ցանկանում է գնալ մորը այցելության: Հետո նա զանգել ու ասել է, թե գիշերը կմնա մոր տանը:

Հաջորդ օրը կինը հայտնել է, թե զանգել էր Արշակի կենսաբանական մայրն ու ասել է, թե Արշակը իր տանը վիճել, «իրեն ցույց է տվել»՝ մարդ է դանակահարել:

Հայրը հայտնել է, որ գիտեր՝ Արշակի մայրը անկանոն կյանքով է ապրում, ինքը նրա հետ կապ չի ունեցել ու չի շփվել, նույնիսկ նրա զանգերին չի պատասխանել, այդ պատճառով նա զանգել էր իր կնոջը…

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը հանցավոր արարքը կատարելու պահին անչափահաս էր, իրավիճակից ելնելով՝ նա եղել է «հուզված, գերլարված, շփոթված՝ աֆեկտին մոտ վիճակում…»:

Արշակ Գ.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ սահմանվել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ 6 տարի ազատազրկում:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի ապրիլի 29-ից:

Please enter a valid URL