1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:
2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, Դանիել Դանիելյանը դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:
Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է բանկի մասնաճյուղում ծառայողական գործունեություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:
Շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:
Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին:
Չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Մկրտչյանը դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:
Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:
Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար:
Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և առանձնապես խոշոր չափերի ողջ գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, Դանիել Դանիելյանի պահանջով լցրել է վերջինիս կողմից տրամադրված ուսապարկի ու պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:
Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան: Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:
Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացել էին, ու կրակոցներ չեն արձակվել:
Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ դրանցից ոչ հեռու վնասազերծողների կողմից անշարժացվել, ձեռնաշղթայվել ու մայթին պառկեցվել է Դանիելյանը:
Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:
Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:
Դատական այս նիստում հետազոտվեցին իրեղեն ապացույցները, գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:
Սկզբում դատավարության կողմերը հնարավորություն ունեցան զննելու ամբաստանյալի ծառայողական«Տոյոտա Յարիս» մեքենան, որը գտնվում էր դատարանի ավտոկայանատեղիում:
Ըստ գործի տվյալների՝ Դանիել Դանիելյանն անձնական օգտագործման մեքենա չուներ, նա վարում էր հիշյալ ծառայողական մեքենան: Դեպքի օրը նա այդ մեքենայով գնացել է աշխատանքի, կեսօրին դուրս է եկել աշխատավայրից ու ծառայողական մեքենայով հասել է իր թիրախավորած բանկի մերձակայքը:
Ըստ գործի տվյալների՝ նմանատիպ ծառայողական մեքենա՝ նմանատիպ համարանիշով վարել է նաև Դանիել Դանիելյանի գործընկերը՝ ոստիկանական նույն ծառայության բաժանմունքներից մեկի ղեկավարը: Դեպքից առաջ Դանիել Դանիելյանը իր ծառայողական մեքենան միտումնավոր, թե պատահաբար՝ կանգնեցրել է դեպքի վայրից ոչ հեռու՝ հենց այն շենքի բակում, որտեղ ապրում էր հիշյալ գործընկերը…
Դեպքից որոշ ժամանակ հետո հայտնաբերվել է Դանիել Դանիելյանի ծառայողական մեքենան և կատարվել է մեքենայի խուզարկություն: Մեքենայում հայտնաբերվել է կոնյակի պիտակով տափակ շիշ՝ կիսով չափ կոնյականման հեղուկով լի, երկու հատ հարյուրական գրամանոց չբացված վիսկիի շշեր, «կես տաբլետկա փիրուզագույն դեղ»: Մեքենայի մեջ էր նաև Դանիել Դանիելյանի համազգեստը՝ «ակուրատնի» դրված նստատեղին, ինչպես նաև կոշիկներն ու սպորտային դատարկ պայուսակ:
«HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ի կատարումն դատարանի պահանջի՝ դատարան էր ուղարկել Դանիել Դանիելյանի կողմից հափշտակված, բանկից դուրս բերված, իսկ նրա վնասազերծումից հետո իրեղեն ապացույց ճանաչված ու բանկի պատասխանատու պահպանությանը հանձնված ամբողջ գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ: Գումարը դատարան էր ուղարկվել սև մեծ պայուսակով, որը կնիքված էր:
Դատարանում պայուսակը բացվեց. փողերն ըստ արժույթների՝ տեսակավորված ու առանձին կապոցներ էին արված: Դատախազի սեղանին փողերի կույտ գոյացավ: Փողերի հետազոտման ընթացքում ամբաստանյալը ձեռքերով փակել էր դեմքը ու դատախազի սեղանի կողմը կարծես թե չէր նայում…
Դատարանը հետազոտեց նաև դեպքի վայրից առգրավված հրազենի փամփուշտները, դրանց պարկուճները, գնդակները:
Այնուհետև հետազոտվեցին բանկի մասնաճյուղի անվտանգության տեսախցիկների նկարահանած տեսանյութերը: Կողմերը հայտարարություններ չարեցին:
Իրեղեն ապացույցներից չհետազոտվեցին դեպքի վայրից առգրավված նռնակն ու պայթուցիչը, որոնք դատարանը լրացուցիչ կպահանջի այն գերատեսչությունից, որտեղ դրանք պահվում են: Նռնակն ու պայթուցիչը կհետազոտվեն հաջորդ նիստին:
Դատարանը հրապարակեց քրեական գործի հատորներում առկա փաստաթղթերը: Մասնավորապես՝ ոստիկանության ծառայողի երդման տեքստը, ըստ որի՝ Դանիել Դանիելյանը երդվել էր «հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը… Ազնիվ ու բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները»:
Հրապարակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված հատուկ հաղորդագրությունը, համաձայն որի՝ դեպքից հետո քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Դանիել Դանիելյանի մարմնին արձանագրվել էին վնասվածքներ: Ըստ Դանիելյանի հայտարարության՝ դրանք իրեն պատճառվել էին դեպքի ընթացքում՝ վնասազերծման ժամանակ:
Ըստ բժշկական փաստաթղթի՝ ծառայության ընթացքում Դանիել Դանիելյանը ենթարկվել էր բուժզննությունների, նա եղել է պրակտիկորեն առողջ:
Ըստ փաստաթղթի՝ «Արմոբիլ» ծառայությունում HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված հարձակման վերաբերյալ ահազանգը ստացվել էր ժամը 14-ն անց 18 րոպեին:
Հրապարակվեց ևս մեկ ուշագրավ փաստաթուղթ, համաձայն որի՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից ՀՔԾ էր ուղարկվել տեղեկություն այն մասին, թե տվյալ քրեական գործով մեղադրյալ Դանիել Դանիելյանի օրգանիզմում թմրանյութերի առկայությունը ստուգելու նպատակով մեկուսարանում նրանից վերցվել են մազի ու մեզի նմուշներ, սակայն փորձաքննության տարվելու ճանապարհին այդ նմուշները փոխվել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակի» կողմից՝ «անձնական խնդիրների» հետ կապված…
Բանն այն է, որ փոխված մազի ու մեզի նմուշներում, որոնք ներկայացվել են որպես Դանիել Դանիելյանից վերցված նմուշներ, փորձաքննությամբ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր: Ինքը՝ Դանիել Դանիելյանը ժխտել է, որ երբևէ թմրամիջոց է օգտագործել, նա պահանջել է, որ նորից փորձաքննություն կատարվի: Մեկ անգամ ևս նմուշներ են վերցվել նրանից, այս անգամ փորձաքննությամբ, իրոք, ոչինչ չի հայտնաբերվել…
Մեղադրյալից վերցված նմուշները փորձաքննության տանելու ճանապարհին փոխելու վերաբերյալ գործից մաս է անջատված, կատարվում է քննություն…
Դատարանն ավարտեց ապացույցների հետազոտման փուլը: Ամբաստանյալ Դանիել Դանիելյանի հարցաքննության փուլն է: Ամբաստանյալն ասաց. «Ես իմ խոսքն եմ ուզում ուղղել, բայց պատրաստվելու համար ինձ ժամանակ է պետք»:
Դատարանը ամբաստանյալին ժամանակ տրամադրեց, որպեսզի նա պատրաստվի ցուցմունքին:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: