Երեւանի քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտի համալիր բարելավման նոր ծրագիր ունի: Նոր համակարգը էականորեն կտարբերվի առկա ցանցից եւ կհամապատասխանի միջազգային չափանիշներին՝ խոստանում են քաղաքապետարանից: Ի՞նչ առավելություններ կունենա նոր ցանցը եւ ե՞րբ, ի վերջո, մայրաքաղաքում երթեւեկելը չի վերածվի փորձության: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հերթական հանդիպում-քննարկումը տրանսպորտային հիմնախնդիրներին էր վերաբերում:
Ներքաղաքային տրանսպորտային նոր ցանցի նախագիծը արդեն իսկ պատրաստ է: Աշխատանքային խումբը այն վերջերս է ներկայացրել: Վերջնական տարբերակը հաստատվելուց առաջ կլինեն քննարկումներ, հաշվի կառնվեն մասնագետների եւ հանրության դիտարկումները: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ նախագիծը ներկայացրեց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը:
<<Շատ վատ ժառանգություն ունենք՝ մինչեւ 70 տոկոս կրկնվող գծեր, ցածր էֆեկտիվություն, մաշված շարժակազմ եւ այլն…Նոր նախագծով ջանալու ենք բացառել դա: Ամեն ինչ արված է՝ ներքաղաքային տրանսպորտային նոր համակարգը ավելի էֆեկտիվ ու օպտիմալ դարձնելու համար>> ,— նշում է Սարգիս Մանուկյանը:
Նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցում տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։ Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։
<<Հասարակական տրանսպորտի մասնագիտորեն հիմնավորված ցանցի նախագծումը, որպես այդպիսին, Հայաստանում առաջին անգամն է իրականացվել: Մեր գործառույթը այս համալիր ծրագրում միասնական տոմսերի, տեղեկատվական համակարգի ներդրումն է>>,- նշում է Սարգիս Մանուկյանը ու դիմում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալին:
<<Միջքաղաքային տրանսպորտի նոր ցանցում նախատեսված չէ, որ մարզային տրանսպորտը կարող է մուտք գործել մայրաքաղաք ու սպասարկել Երևան քաղաքի ուղևորներին: Վերջնական կայանը ծայրամասերում գտնվող կայարաններից մեկն է լինելու: Արդյո՞ք հաշվի է առնված այդ հանգամանքը>>,- հարցնում է նա:
<<Ներկա միջքաղաքային տրանսպորտային համակարգը մի քիչ խառն է, բայց նոր ցանցով նախատեսում է ներդնել մի համակարգ, ըստ որի, հյուսիսային քաղաքներից եկող տրանսպորտը կկայանի հյուսիսային, հարավային քաղաքներից եկողը՝ հարավային ավտոկայաններում: Կենտրոնական ավտոկայանը նախատեսված կլինի միջպետական երթուղիների համար: Այս դեպքում միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի հստակ փոխկապակցման խնդիր կառաջանա, որն էլ հուսամ լիարժեք կիրականացվի>>,- պատասխանում է Արման Կարապետյանը: Նրա խոսքով հանրապետական տրանսպորտային նոր ցանցի ներդրումը նույնպես քննարկման փուլում է: Միջքաղաքային երթուղային նոր համակարգում կգործի տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգ: Մարդիկ հնարավորություն կունենան բջջային հավելվածի միջոցով տեղեկանալ, թե ո՞ր ժամին, որտեղի՞ց կարող են ուղեւորվել, ինչպես նաեւ առցանց պատվիրել տոմսեր: Համակարգը ենթադրում է նաեւ պարտադիր տեղորոշման սարքերի առկայություն՝ ՋՓՍ կամ այլ համակարգերի միջոցով, որի շնորհիվ հնարավոր կլինի տեսնել, թե որ մեքենան ե՞րբ է շարժվում, որտեղի՞ց եւ, անգամ, ի՞նչ արագությամբ: Նոր ցանցով բացառվելու է համայնքերից ուղիղ մայրաքաղաք գծերի առկայությունը: Համայքներից բնակիչները կտեղափոխվեն շրջկենտրոն, այնուհետեւ ավելի մեծ ու հարմարավետ ուղեփոխադրամիջոցով կուղեւորվեն մայրաքաղաք:
<<Այսօր մենք տեղեկատվության հավաքագրման փուլում ենք: Ուսումնասիրում ենք ուղեփոխադրահոսքը, տրանսպորտային միջոցները, որից հետո կլինեն մրցույթներ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները եւ սկսել երթուղիների սպասարկումը: Նախատեսվում է, որ փոփոխություններ կարվեն նաեւ մրցույթային կարգում եւ այլն, որոնք կներկայացվեն կառավարության քննարկմանը>>,- նշում է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկմանը ներկա է նաեւ Երևան-Վանաձոր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Վահե Փայտյանը, որը իրենց ընկերության կատարած ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում: Լոռվա մարզի 107 գյուղում եւ ութ քաղաքներում են ուսումնասիրություններ արել՝ հաշվի առնելով բնակչության տարբեր շերտերի թիվը, ճանապարհների վիճակը, չվացուցակները, տոմսի արժեքները եւ այլն: Պատրաստակամ են ներդրում անել, մեքենաներ գնել ու սպասարկել գիծը, սպասում են մրցույթին: Բայց մինչ այդ Վահե Փայտյանը մեկ այլ ոչ պակաս կարեւոր խնդրի մասին է բարձրաձայնում: Նրա խոսքով անհավասար մրցակցություն կա կանոնավոր ուղեւորափոխադրողների եւ տաքսի ծառայությունների միջեւ:
<<Տրանսպորտը, կապը պետության համար առանցքային նշանակություն ունեցող գործոններ են, որոնք պետք է գործեն միշտ եւ անխափան: Վերջին ամիսներին մենք մի խնդրի ենք բախվել, որ որոշ ընկերություններ են հայտնվել եւ խանգարում են կանոնավոր երթուղիների աշխատանքին: Տաքսիները նույն գնով են ուղեփոխադրում կատարում, ինչ կանոնավոր ուղեփոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները: Ես կարծում եմ, որ պետք է տարանջատվի կանոնավոր երթուղին տաքսիներից: Ով ուզում է ավելի հարմարավետ գնալ, պետք է պատրաստ լինի վճարել ավելին: Բոլոր զարգացած երկրներում է այդպես , որ եթե ավտոբուսը արժե 18 ցենտ, տաքսին պետք է արժենա, օրինակ, երեք եվրո: Այն մարդիկ, որ պատրաստ չեն տաքսու համար վճարել, մեղավոր չեն, որ մի քանի տարի անց հնարավորություն չեն ունենալու կանոնավոր երթուղուց օգտվելու>>,- խնդրի վրա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում նա:
ՋՋ ընկերության ղեկավար Արտաշես Թովմասյանը խնդրի լուծման մեկ տարբերակ է միայն տեսնում: Նրա կարծիքով անհրաժեշտ է ներդնել տաքսու լիցենզավորման համակարգը:
<<Քանի դեռ տաքսու լիցենզավորման համակարգը Հայաստանում ներդրված չէ, ոչ քաղաքային ցանցն է նորմալ գործելու, ոչ էլ միջքաղաքայինը: Պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի ու լիցենզավորի դաշտը: Պատճառ են բերում սոցիալական վիճակը, բայց մի օր պարտադիր պետք է կայացվի այդ որոշումը: Եթե 20000 հոգի պետք է բողոքի ուրեմն նրանց բոլորին պետք է բացատրել, թե ինչու է դա պետք: Եթե այդ հարցը չլուծվի, ապա էլի մարդիկ զանգելու են իրենց ծանոթ տաքսու վարորդին , էժան վճարելու, որպեսզի նա իրենց տանի իր ուզած տեղը, չեն գնալու –հասնեն հյուսիսային ավտոկայան, որ գնան, օրինակ, Դիլիջան>>, -ասում է նա:
Տաքսիների լիցենզավորման անհրաժեշտության մասին է ընդգծում նաեւ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
<<Տեսչական մարմինը վերահսկողություն է սահմանում լիցենզիայի նկատմամբ, եթե մի կազմակերպություն չունի լիցենզիա, մենք չենք կարող ոչինչ անել: Դա վերաբերում է հատկապես մինչեւ յոթ հոգանոց ուղեփոխադրողներին: Օրինակ, Լեոյի փողոցի վրա 15 մեքենա է շարված, որ ուղեփոխադրում է կատարում դեպի Էջմիածին: Մենք չգիտենք, դա օրինական է, թե ոչ, քանի որ կանոնակարգման խնդիր կա>>,- նկատում է նա:
Քննարկումը ամփոփում է Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության նախագահ Գեւորգ Թադեւոսյանը:
<<Ցանկացած նախագծի մեջ կարեւոր է մի բան ֆիքսել, երբեք չպետք է քանդել նախագծերը, որոնք արդեն կայացած են: Այն նախագծերը, որ պետք է իրականացվեն, թիկունքում, թեկուզ որպես խորհրդատու, պետք է ունենան մարդկանց, որոնք ստեղծած համակարգ ունեն: Հույս ունեմ, որ վերջապես կնախանշվի ժամկետը, երբ մենք կունենանք մեզ արժանի տրանսպորտ: >>,- նշում է նա: