ԱԱԾ սահմանապահ զորքերը Բագրատաշենի մաքսատանը օրենքին համապատասխան միջոցառումներ են իրականացրել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակին։
Վանեցյանը, նկարագրելով իրենց կողմից հայտնաբերված խախտումներն, ասաց. «ՀՀ համապատասխան օրենքով յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման Հայաստան բերել 25 կգ բեռ։ Մեր քաղաքացիները, որոնք Թուրքիայից պարբերաբար ապրանքներ են բերում, չեն ցանկանում մաքսազերծման համար նախատեսված գումարները վճարել։ Խոսքը 20 տոննայից ավելի ապրանքների մասին է, որի չեն ցանկացել մաքսազերծել։ Ընդ որում 20–ից ձևակերպված է եղել ընդամենը 3 տոննան, այն էլ հագած հագուստներ, խողովակներ, որոնց համար չնչին մաքսատուրք է նախատեսվում»,–հայտարարեց նա։
Արթուր Վանեցյանի պնդմամբ՝ ԱԱԾ–ի աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել.
«Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնավնասման փորձ կանեն, ինքնասպան կլինեն»,–ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ–ն տվյալներ ունի այն մասին, որ Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն որոշակի գումարի դիմաց այդ ապրանքները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ–ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումը և կասեցվել է բեռների անցումը։
«Մաքսային ծառայության աշխատակիցը, որը մեր կողմից կասկածվում էր կաշառք ստանալու մեջ, սովորեցրել է քաղաքացիներին աղմուկ բարձրացնել, ճանապարհ փակել, դիմել ծայրահեղ քայլերի»,–ասաց նա՝ նշելով, որ եթե պարզվի, որ խախտում է առկա, այդ անձը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության է ենթարկվելու։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։