Search
Close this search box.

Հաղորդում հանցագործության մասին՝ Քոչարյանին ազատ արձակած դատավորի դեմ

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Փաստաբանը գտնում է, որ Քոչարյանին ազատ արձակելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու գործնթացում առկա են ոչ միայն դատավարական խախտումներ, այլև՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ: Ըստ նրա՝ Քոչարյանի ազատ արձակման դատական ակտը ակնհայտ ապօրինի, անարդար է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ սահմանազանցմամբ:

Սիրունյանի կարծիքով՝ հիշյալ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Դավիթ Գրիգորյանի անձնական դրդումների վրա, ինչի մասին են վկայում վերջինիս անձնական, իր կարգավիճակից չբխող և իր կողմնակալության մասին ուղղակի վկայող բազմաթիվ ձևակերպումներ, որոնք փաստաբանը ներկայացրել է հաղորդման մեջ:

Ստորև ներկայացնում ենք փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումը.

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանը թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում 2019 թվականի մայիսի 20-ին կայացրել է որոշում Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին: Դատավոր Դ. Գրիգորյանը, մասնավորապես, որոշել է մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ այլոց վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով`

ա. քննարկել եւ պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ եւ 79-րդ հոդվածների պահանջներին,

բ. Մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 եւ 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ եւ 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածների համատեքստում:

Գտնում եմ, որ հիշյալ դատական ակտը ակնհայտ ապօրինի եւ անարդար է եւ կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ սահմանազանցմամբ: Պատճառաբանությունները հետեւյալն են.
Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ քրեական գործով վարույթը … դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը եւ դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Տվյալ դեպքում դատավոր Դ. Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը եւ դիմել է Սահմանադրական դատարանից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը, Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասին համապատասխան եւ Սահմանադրության 6 հոդվածի համատեքստում, չուներ:

Ավելին, Դ.Գրիգորյանը ոչ միայն այդ իրավունքը չուներ, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 168 հոդվածի (նախորդ խմբագրմամբ 100 հոդված) համաձայն՝ Դ. Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաեւ Սահմանադրական դատարանի լիազորություններից, ինչը Դ. Գրիգորյանը չիմանալ չէր կարող:

Հիշյալ որոշման կայացմամբ Դ. Գրիգորյանը խախտել է նաեւ դատական ակտ կայացնելու դատավարական կարգը եւ հիշյալ որոշումը կայացնելով կողմի միջնորդության հիման վրա, կոպիտ կերպով չի պահպանել միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը:

Եթե հաշվի առնենք, որ խոսքը գնում է գործող օրենսդրությունից քաջատեղյակ սուբյեկտի մասին, հիշյալ խախտումները անզգուշության հետեւանք լինել չեն կարող եւ միանշանակ վկայում են Դ. Գրիգորյանի կողմից հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատության իրականացումից հրաժարվելու եւ խուսափելու մասին:

Սահմանադրական դատարան դիմելու Դ. Գրիգորյանի արհեստական դատավարական հնարքների մասին է վկայում նաեւ այն, որ հիշյալ որոշման պատճառաբանական մասում գրելով «հիմնավոր կասկածներ ունեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության սահմանադրականության վերաբերյալ» հիմնավորումը, Դ. Գրիգորյանը Սահմանադրական դատարան է դիմել բոլորովին այլ իրավանորմի սահմանադրականության հարցով:

Ուշագրավ է, որ հիշյալ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Դ. Գրիգորյանի անձնական դրդումների վրա, ինչի մասին են վկայում վերջինիս անձնական, իր կարգավիճակից չբխող եւ իր կողմնակալության մասին ուղղակի վկայող բազմաթիվ ձեւակերպումներ, որոնք են, օրինակ.

Վերոհիշյալով պայմանավորված` լիովին կիսում եմ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն,
Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ` գտնում եմ, որ Ռ. Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետեւում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես Նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին: Հետեւաբար, սույն դեպքում Ռ.Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից,
Վճռաբեկ դատարանի ձեւավորած դատողությունները համոզիչ չեն,
Վճռաբեկ դատարանը հանգել է սխալ հետեւության,

Հանրապետության նախագահը անձեռնմխելի է, ինչը ենթադրում է, որ վերջինս չի կարող քրեական հետապնդման եւ պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների իրականացման ժամկետում ինչպես իր կարգավիճակից բխող գործողությունների համար, այնպես էլ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների կատարման համար,

Այսիպիսի դատողություներ եւ կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ, քանի որ ունի արդեն իսկ ձեւավորված կարծիք, որն ի դեպ մարդկայնորեն հարգելի է, այլ ոչ թե շարունակեր դատավարական գործողությունների իրականացումը՝ այսպիսի որոշումներ կայացնելով:
Ավելին, հիշյալ եւ մի շարք այլ կասկածներ ունեցող դատավորը իր իսկ կայացրած որոշման տրամաբանությամբ մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ պարտավոր էր ոչ թե խափանման միջոց ընտրել, այլ խափանման միջոցը պարզապես վերացնել:

Խնդրում եմ սույն նամակը համարել որպես հաղորդում հանցագործության մասին:

Ալեքսանդր Սիրունյան»,- նշված է հաղորդման մեջ:

Please enter a valid URL