Այսօր՝ ժամը 20:37-ին, Գյումրիի շտապօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Մսի կոմբինատ թաղամասում՝ թիվ 8 դպրոցի մոտակայքում, կա մանկահասակ երեխայի դի: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը պարզել է, որ Մսի Կոմբինատ թաղամասի Լալայան փողոցի 127/006 տնակի բնակիչ, 45-ամյա Արտեմ Ասատրյանն ավտոտնակից մեքենան դուրս բերելու պահին, հետընթացի ժամանակ չնկատելով իր երկու տարեկան որդուն, վրաերթի է ենթարկել, երեխան տեղում մահացել է:
«Մենք դեպքի վայր հասնելուց արձանագրեցինք երեխայի կենսաբանական մահը, վնասված էր երեխայի գլուխը, գանգուղեղային տրավմա էր ստացել, որի հետևանքով երեխայի գանգը դեֆորմացիայի էր ենթարկվել»- SHANTNEWS-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշել է Գյումրու շտապօգնության կայանի բժիշկ Արթուր Մանուկյանը:
Բժշկի փոխանցմամբ՝ հայրը երեխային գրկած գոռոցներով վազել է բակով, ապա՝ փողոցով, փորձել են հանգստացնել,բայց հայրը թույլ չի տվել:
«Ահավոր վիճակ էր,բոլորը սթրեսային վիճակում էին գտնվում, որքան տեղեկացա, հայրը Ղարաբաղում կանտուզիա էր ստացել, հրաժարվեց հանգստացնող դեղորայքից, մյուսներին օգնություն ցուցաբերեցինք»,- հավելել է բժիշկ Արթուր Մանուկյանը:
Երեխայի դին տեղափոխվել է Գյումրու դիահերձարան: Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզային ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Հարուցվել է քրեական գործ: