Search
Close this search box.

Թրամփի թվիթերյան հաշիվը գնահատվել է 2 մլրդ դոլար

Twitter սոցկայքում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հաշվի շուկայական արժեքը գնահատվել է 2 մլրդ դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ Monness Crespi Hardt & Co. ընկերության վերլուծաբան Ջեյմս Քակմակին հղումով:

Ըստ վերլուծաբանի, եթե Թրամփը որոշի իր թվիթերյան էջում հրապարակումներ ու հայտարարություններ այլևս չանել, ապա Twitter Inc.-ը կունենա ընկերության ընդհանուր արժողության 5%-ի չափով ֆինանսական կորուստ:

Քակմակի բացատրելով՝ ֆինանսական կորուստները պայմանավորված կլինեն այն փաստով, որ արժեթղթերի շուկայում Թրամփի ակտիվության նվազման լուրը բացասաբար կընդունվի:

«Աշխարհում Միացյալ Նահանգների նախագահից ավելի լավ անվճար գովազդ չկա»,-նշել է Քակմակը:

Այժմ Թրամփը Twitter-ում ունի 36.2 մլն հետևորդ: Հետաքրքրական է, որ 2009թ. մարտին սոցկայքում գրանցվելուց ի վեր նա արել է մոտ 35.600 գրառում:

Նշվում է, որ Twitter Inc.-ի շուկայական կապիտալիզացիան 11.7 մլրդ դոլար է:

Please enter a valid URL