Հրանուշ խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամիսներ շարունակ Դաշնակցությունն ահազանգում էր, որ երկրում սերմանվող ու խրախուսվող քաղաքական անհանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է պառակտումների ու ատելության»,-հայտարարում է ՀՅԴ բյուրոն Հրանտ Մարգարյանի դեմ կատարված կոչերի կապակցությամբ, և ես անկեղծորեն ուրախանում եմ, որ ՀՅԴ Բյուրոն վերջապես «չի հանդուրժում» բռնությունը: ՀՅԴ-ի «ամիսներ շարունակ» ահազանգը, անշուշտ, տարածվում է բացառապես ՀՅԴ-ի կողմից իշխանության կորստից հետո-ի ամիսների վրա: Դրանից առաջ շատ է հանդուրժել: Շատ: Առհասարակ քաղաքական «բռնություն հանդուրժելը» ՀՅԴ-ի բնութագրիչներից մեկն է: Քանիցս անձամբ եմ դիմել ՀՅԴ-ի Բյուրոյի հայաստանյան ներկայացուցիչներին՝ խնդրելով արտահայտվել բռնութայն այս կամ այն կոնկրետ դեպքի առթիվ և ստացել եմ շփոթված ժպիտով ուսերի թոթովանք կամ նույնիսկ բռնության գործադրման արդարացում: Շատ լավ եմ հիշում՝ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո սպանությունը դատապարտելու իմ խնդրանքին ՀՅԴ-ի Բյուրոյի անդամներից մեկն ինձ ասաց (անձը բոլորիդ հայտնի է), որ դատապարտման իմաստը չի տեսնում, որ ինքն անձամբ «հավատում է Ռոբերտ Քոչարյանի հումանիզմին և արդարամտությանը»: Անշուշտ հիմա էլ է հավատում: Նրա/նրանց «անձնական հավատը» բռնությունների ծաղկման երաշխիք էին: Այդպես «հավատալով» նպաստել են բռնությանը և նույնիսկ Մարտի մեկի բռնությունը չեն դատապարտել: Ըստ էության միացել են բռնությանը:
Լավ է, շատ լավ է, որ ՀՅԴ Բյուրոն բռնության դատապարտման այս հայտարարությունը տարածել է, բայց ինչու՞ միայն իր «ձագի» առիթով և ինչու՞ են տարանջատում բռնության թիրախներից «Դաշնակցության համահայկական ողջ ընտանիքը»։ Բռնության ենթարկվողներից ով դաշնակցական չի, նրան հասնու՞մ է: Բայց Պողոս Պողոսյանը դաշնակցական էր: Նա «Դաշնակցության համահայկական ողջ ընտանիքի» անդամ չէ՞ր:
Էհ, Դաշնակցություն, Դաշնակցություն, ձեր անցյալը շատերն են արատավորել, թե դաշնակցականներ, թե ոչ դաշնակցականներ, անաչառ և աչառու, խմբեր և անձիք, փորձեք հասկանալ, մեղանչել, ապաշխարհել, փորձեք ազնվորեն նոր վստահություն և համակրանք շահել: Ազնվորեն: Այլոց դատելուց առաջ և/կամ դատելու ընթացքում դատեք նաև ձեզ: Ազնվորեն: Բաց: Հանրային: Ընդունեք գոնե ակնհայտ սխալները և «սխալները»։