Search
Close this search box.

Նախարար Զարուհի Բաթոյանի կոչը՝ 13-ամյա հղի աղջկա դեպքի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։ Օրեր առաջ Գյումրու մասնագիտացված մանկատուն էր այցելել ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը և հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել երեխայի առողջությանը և ընտանիքին վերաբերող անձնական տվյալներ։ Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը․ «Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք: Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների: ․․․Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս անելիքն է, և այդ նպատակի համար սերտորեն պետք է համագործակցեն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, կառավարությունը, ԱԺ-ն, ՄԻՊ-ը, հասարակական և միջազգային կազմակերպությունները, լրատվամիջոցները, բայց դա չի կարելի անել երեխայի պատվի և արժանապատվության հաշվին։ Հույս ունեմ, որ դեպքի մանրամասները պարզելուց հետո նաև համապատասխան միջոցներ կձեռնարկվեն երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին պաշտպանելու, պատշաճ աջակցություն ցուցաբերելու և նման դեպքերը հետագայում բացառելու ուղղությամբ։ Իսկ առայժմ կոչ եմ անում չտարածել այդ տեսանյութը և գործողություններում առաջնորդվել երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքով»։

Please enter a valid URL