Այսօր` մայիսի 18-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ընդգծել է, որ իրավիճակն այժմ ծայրահեղ լարված է: Ասուլիսի հիմնական թեման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումն է:
Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ կոչ է արվում այսօր` ժամը 13:00-ին լինել Նոր Նորքի դատարանում` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: «Հայկ Սարգսյանը նախևառջ կոպտորեն խախտում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Երկրորդը. անգամ Քննչական ծառայությունը պարոն Քոչարյանին տասը մարդկանց կյանք խլելը չի վերագրում: Եվ պարոն Սարգսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, այսպիսի կոչերով և հայտարարություններով է հանդես գալիս: «Չի կարելի թույլ տալ, որ ազատ արձակեն»,-ասված է հրապարակման մեջ. սա ինչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում»,-գրառումը մեջբերելով` ասել է Ալումյանը:
Ասուլիսի ընթացքում նա նշել է, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի վրա ճնշումներն ահագնացել են: «Սա արդեն ուղղակի կոչ է տապալել սահմանադրական կարգը: Ուղղակի կոչ է զանգվածի միջոցով ճնշում գործադրել դատավորի նկատմամբ»,-ասուլիսի ընթացքում ասել է Քոչարյանի պաշտպանը: