Search
Close this search box.

Քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել TV5-ի սեփականատիրոջը. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս ասաց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Վարդգես Գասպարին այսօր հարցաքննվել է եւ քրեական գործի շրջանակում տուժող ճանաչվել:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով եւ նույնը վանկարկելով: Սակայն Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից վերցրել եւ պատռել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին: Ավելի ուշ ոստիկանությունը բերման ենթարկեց 4 անձի, նրանց թվում էր նաեւ Արմեն Թավադյանը:

Please enter a valid URL