ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գեւորգ Սոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։
Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին՝ ոչնչացնել Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը եւ հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։
Հրապարակումից հետո Վաչագան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դատավորին։
Ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար մեղադրվող Ղազարյանը վարչական դատարան է դիմել 2018-ի սեպտեմբերին՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել իր եւ կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու եւ դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողություները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր եւ նրա կնոջ 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, եւ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել: Ղազարյանը վարչական հայց էր ներկայացրել այն բանից հետո, երբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իրեն մեղադրանք առաջադրեց ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է։