Search
Close this search box.

«Սրիկայի վերջին հանգրվանը փնտրելիս». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի երկու նախագահների անվերապահ սատարումը Քոչարյանին մատնում է, որ երեսնամյա պատերազմն արժեհամակարգային իմաստով, մեզ ոչինչ չտվեց:

Դատարանում ի ցույց դրվեց տեղական հայրենասիրության ու ախպերության այն մոդելը, որի կրիչն էր Խորհրդային Ադրբեջանը, և որի դեմ հայ համահավաք միտքը 88-ին ծառս եղավ: Սա ողբերգություն է. պարզվեց՝ երկարատև պատերազմը, իրոք, նույնականացման էյֆորիա է ստեղծում՝ դու կարող ես նմանվել նրան, ում դեմ պայքարում ես և մի օր, իսկապես, հնարավոր չի լինի տեսնել ձեր տարբերությունը: Ահա երկարատև պատերազմների մեծագույն աղետը: Հակառակորդն իր գործողություններով նոր կերպավորում է տալիս քեզ, պարտադրում իր արժեհամակարգն ու փիլիսոփայությունը: Պատերազմի առաջին գծից իշխանություն ցատկած զինվորականության առաքելությունը քաղաքական ֆիդայությունն է, միակ գաղափարախոսությունը՝ գավառական հայրենասիրությունը, կառավարման ձևը՝ հայրիշխանական՝ հպատակային մոդելը, կառուցածը՝ կազարման, իդեալները՝ փողը, փողը, փողը… Այնպես, որ երեկ դատարանում գրկախառնվեցին ոչ թե երեք նախագահներ, այլ հենց՝ փողը, փողն ու փողը:
Ելքը մեկն է՝ երկիրը բեռնաթափել հայրենասիրական բալաստից, որովհետև հայրենասիրությունը պատերազմ է: Եվ պետք չէ ցնցվել իմ այս ձևակերպումից. ես փորձում եմ կոնկրետացնել, թե որտեղ է սրիկայի վերջին հանգրվանը: Ընտրեք՝ խաղաղությո՞ւն, թե՞ հայրենասիրություն:

Ընտրեք՝ կարդալով հայրենասիրական լավագույն մանիֆեստը. Ադոլֆ Հիտլեր «Իմ պայքարը»: Ֆյուրերից բարձր «պրոբի» հայրենասեր չփորձեք խաղալ՝ մարդը հիվանդանոցում տեղում կուրացավ, երբ նրան հայտնեցին Գերմանիայի պարտության լուրը:

Ընտրեք՝ ուսումնասիրելով կրծողների, երկկճղակավորների, սնամեջ եղջերավորների և, հատկապես, անողնաշարավորների կյանքի մանրամասները, որոնք աչք չեն բացում պատերազմներից իրենց հոտային, բնազդային հակումների պատճառով, քանի որ տառապում են իրենց բացառիկության սինդրոմով: Եվ հենց ցեղական էգոիզմի, այլ կերպ՝ հայրենասիրության բարդույթն է հանգեցնում «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կենսաձևին:

Ընտրեք՝ փնտրելով տասը տարբերություն հայրենասիրության, քսենոֆոբիայի և շովինիզմի միջև: Մեծ արյունահեղությունները, ահաբեկչությունները, մարդու և պետության մակարդակով կատարվող հանցագործությունների զգալի մասը գալիս է հենց հայրենասիրության անունից: Քերիր գողական աշխարհի ցանկացած անդամի և նրա տակից կհառնի երդվյալ հայրենասերը: Մի մոռացեք երբեք՝ մեր նորագույն պատմության մեջ ամենահայրենասիրական ելույթը երկրի օրենսդիր մարմնում հնչեցրել է հենց Նաիրի Հունանյանը՝ իր «ռոմանտիկ» քայլը կատարելուց առաջ: Եվ կրկին հիշեցնեմ, մարտի1-ի քաղաքական համատեքստը հոկտեմբերի 27-ն է, եթե չեք կատակում, որ արդարադատություն եք ուզում՝ բացեք բնագիրը»:

Please enter a valid URL