Բրյուսելում Եվրոմիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել են ընթացիկ իրավիճակի շուրջ։
Հայաստանի վարչապետն «Ազատության»-ը փոխանցել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։
«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,- նշել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը տեղեկացրել է, որ կարճ զրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ. «Կարճ զրույց էր՝ ընթացիկ իրավիճակի մասին. վստահ եմ՝ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ ԼՂ-ն վերադառնա բանակցային սեղանի շուրջ»: