ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի որոշմամբ ազատվել եմ նախարարի տեղակալի պաշտոնից:
Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 15-ից ազատված եմ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գիտեմ, որ ասածս մի շարք հարցեր է առաջացնելու, դրանց կանդրադառնամ ստորև։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն ասել Մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներին, մշակույթի գործիչներին, ոլորտը լուսաբանող լրագրողներին և ընդհանրապես բոլորին, ում հետ առնչվել եմ այս ընթացքում։ Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը, այս մեկ տարին սիրով կհիշեմ։
Ինչո՞ւ եմ ազատվել. հաշվի առնելով, որ Մշակույթի նախարարության Կրթության և գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իմ թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում եմ ներկայացրել, որը հաստատվել է։
Ո՞վ է լինելու իմ փոխարեն. չեմ կարող ասել, բայց, հուսով եմ, որ նոր նախարարի տեղակալը, ում կվստահվի գրահրատարակչության, գրադարանների և մամուլի ոլորտների համակարգումը, լիարժեքորեն և արդյունավետ կերպով կիրականացնի նախարարության քաղաքականությունը։
Ի՞նչ է լինելու ծրագրերի հետ. բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։ Ամեն դեպքում, դրանք կարող են և պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով տարեվերջյան արդյունքները։
Կրկին՝ անչափ շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ համագործակցության համար և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել շատերիդ անձամբ տեղեկացնել ազատմանս մասին»։