Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգի ծրագիր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:
Նրա խոսքով` հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելումը շատ կարևոր է, քանի որ այն շատ ուշ է հայտնաբերվում: «Քաղցկեղը մեծանում է և հենց փակում է աղիքի լուսանքցը, նոր հայտնաբերվում է, իսկ դա արդեն ուշ է: Մենք պետք է քաղցկեղը փոքր ստադիաներում հայտնաբերենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ուռուցքաբանությունը նախարարության երեք հիմնական ուղղություններից մեկն է:
«Ուռուցքային հիվանդությունների վրա բազմամթիվ գործոններ են ազդում, այդ թվում՝ շրջակա միջավայրը: Քաղցկեղի առաջացման ամենամեծ ֆակտորներից մեկը հիմա նաև օդի աղտոտվածությունն է: Այս տարի ամբողջ համաշխարհային առողջապահության ուշադրությունն ուղղված է օդի աղտոտվածությանն ու, ցավոք, օդի աղտոտվածությունն արդեն ավելի շատ մարդ է սպանում, քան ծխախոտը»,-նշեց նախարարը:
Նա ուրախությամբ հայտնեց, որ մանկական և մայրական մահացությունների մասով ցուցանիշների անկում է նկատվում: «Մենք դեռ հեռու ենք հազար կենդանածնի հաշվով 2-3 մահվան ցուցանիշից, մեզ մոտ 8-ի սահմանում է , բայց ծննդօգնության ոլորտում ֆինանսավորման աճը բերելու է ոլորտի կարգավորմանը»,-հավելեց Արսեն Թորոսյանը: