Քաղաքացու որոշում անունով կուսակցությունը պահանջում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից: Այս կազմակերպությունը իր պահանջը հիմնավորում է այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է գործարարությամբ, ինչը սահմանադրորեն արգելված է:
Պետական մարմինները կարծես թե որոշել են լրջորեն քննել այս դիմումը, և նույնիսկ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն է Ծառուկյանից պարզաբանումներ խնդրել` նրա բիզնեսի կառավարման հետ առնչություններ ունենալու մասով:
Մենք չենք ուզում քննել հարցի իրավական կողմը, որովհետև եթե հարցին մոտենանք զուտ իրավական տեսանկյունից, կարող է պարզվել, որ գործող խորհրդարանը պետք է լուծարել, որովհետև այնտեղ եղած պատգամավորների մեծ մասը այս կամ այն չափով զբաղվում է գործարարությամբ` մեկի բիզնեսը մեծ է և դրա համար ավելի տեսանելի է, մյուսինը փոքր է և հասարակությունը դրա մասին չգիտի:
Մեզ հետաքրքրում է հարցի քաղաքական կողմը, որովհետև խորհրդարանը քաղաքական մարմին է, և ներկայացնում է հասարակության, ընտրողների քաղաքական նախապատվությունները:
Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահն է, և այս կուսակցությունը 2018թ. դեկտեմբերի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է 103 հազար ընտրողների քվե: Ուզում ենք ասել, որ Ծառուկյանը պատգամավորական մանդատը ստացել է ընտրողների քվեարկության արդյունքում, ընտրողներն են որոշել, որ հենց Ծառուկյանը պետք է իրենց ներկայացնի խորհրդարանում:
Քաղաքացու որոշում անունով կուսակցությանը ընրողները ընդհակառակը մերժել են, այդ կազմակերպության օգտին քվեարկել է 8 հազարից մի քիչ ավել մարդ: Այսինքն` ընտրողները չեն ցանկացել, որ այս կուսակցությունը ներկայացված լինի խորհրդարանում: Հիմա ինչ է ստացվում, ընտրողների կողմից մերժված կուսակցությունը ուզում է պատգամավորական մանդատից զրկել մի մարդու, ով ստացել է հասարակության վստահության քվեն, ով ղեկավարում է Հայաստանի խորհրդարանական երկրորդ ուժը: Սա նշանակում է ընտրությունների արդյունքների սրբագրում ըստ քաղաքական նպատակահարմարության:
Եթե ինչ որ մեկի մտքով անցնի Ծառուկյանին իսկապես զրկել պատգամավորական մանդատից, ապա մենք կարող ենք խոսել երկրում հակասահմանադրական հեղաշրջման մասին: Ինչ հիմքեր ունենք նման բան պնդելու համար: Հայաստանի Սահմանադրությամբ` իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Սա Սահմանադրության երկրորդ անփոփոխելի հոդվածն է:
ժողովուրդն իր ազատ ընտրությամբ որոշել է, թե ով պետք է իրեն ներկայացնի Հայաստանի իշխանության բարձրագույն մարմնում՝ խորհրդարանում: Ցանկացած այլ որոշում, ում կողմից էլ որ դա կայացվի՝ պետական մարմնի թե անհատի կողմից, ժողովրդի ազատ կամարտահայտության դեմ ուղղված քայլ է, այսինքն հանցագործություն: Այնպես որ, մինչև նման քայլի գնալը, պետական մարմինները լավ կանեն, եթե մի փոքր ավելի խորը ուսումնասիրեն իրենց որոշման հնարավոր հետևանքները:
ArmLife.am