Search
Close this search box.

Այսօր կկայանա Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14։00-ին։ Քննարկվելու է խափանման միջոցի հարցը: Երկրորդ նախագահը ևս կմասնակցի նիստին։

Ռ. Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երբ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։

Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008-ի ապրիլին գործարար Սիլվա Համբարձումյանից Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Please enter a valid URL