Search
Close this search box.

«Էդ գ…-ն ի՞նչ էղավ». հրամանատարի «քֆուրներին» ու նվաստացումներին արժանանալով՝ 2016թ. մարտին զինվորն ինքնասպան է եղել

1in.am-ը. Վերաքննիչ քրեական դատարանը Տ. Սահակյան, Ս. Համբարձումյան, Ս. Մարաբյան կազմով շարունակեց Նարեկ Չ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Նարեկ Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հրթիռային հաշվարկի հրամանատար, կոչումով՝ շարքային, զորամասում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պարբերաբար վիրավորանք է հասցրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, իր ղեկավարած հաշվարկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հ.-ին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի սկզբից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Նարեկ Չ.-ն պարբերաբար, տարբեր առիթներով անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել շարքային Սևակ Հ.-ին, հանձնարարել է կատարել զինվորական ծառայության պարտականություններից չբխող, զինվորի համար տհաճ աշխատանքներ՝ հանձնարարել է իր փոխարեն ստանալ ու տեղափոխել իր զինվորական հանդերձանքի պարագաները, հարդարել իր անկողինը, իր փոխարեն և ընդհանրապես՝ սահմանվածից դուրս կատարել մաքրության աշխատանքներ, Սևակ Հ.-ի կամքին հակառակ նրա ձեռքից վերցրել և օգտագործել է նրա բջջային հեռախոսը՝ այդ բոլոր գործողություններով, անընդհատ հնչեցվող հայհոյական արտահայտություններով, ըստ մեղադրանքի, Նարեկ Չ.-ն անպարկեշտ կերպով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում երեկոյան անվանականչին լինելով վաշտի հերթապահ, Նարեկ Չ.-ն, մոռանալով շարահրապարակ տանել երեկոյան անվանականչի մատյանը, շարքային Սևակ Հ.-ին հանձնարարել է գնալ ու զորանոցից բերել այն, իսկ երբ վերջինս ուշացել է, շարքում մյուս զինծառայողների ներկայությամբ ասել է. «Էդ գ…-ն ի՞նչ էղավ»: Սևակի վերադառնալուց հետո նորից նրան սեռական բնույթի հայհոյանք է տվել ու ավելացրել է. «Հո դեմ չեղա՞ր պալկային»:

Բացի այդ, 2016 թվականի մարտի 16-ին, «Քուն» հրամանից հետո զորամասի ննջարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Նարեկ Չ.-ն բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Սևակ Հ.-ի նկատմամբ՝ ապտակներ է հասցրել մահճակալին պառկած զինվորին, կսմթել ու երկու կտտոց է հասցրել ու պահանջել. «Ա՛յ, գ…, հլը տուր հեռախոսդ»…

Պարբերաբար նման վերաբերմունքի արժանանալով և գտնվելով հոգեկան լարված, տառապագին ու ընկճված վիճակում, 2016 թվականի մարտի 24-ին, ժամը 9-ն անց 10 րոպեի սահմաններում շարքային Սևակ Հ.-ն զորամասի հրաձգարանում ինքն իր վրա կրակոց արձակելով՝ կատարել է ինքնասպանություն:

Նարեկ Չ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել զինվորին ինքնասպանության հասցնելու և մյուս մեղադրանքներում:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը եղել է Սևակի միակ ընկերը: Որպես ընկերներ՝ իրար հետ կատակներ են արել, բայց ինքը Սևակին չի նվաստացրել, չի հայհոյել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:

Նարեկ Չ.-ն ենթադրություն է հայտնել, թե շարքային Սևակ Հ.-ն ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ զենքի հետ առաջացած խնդիրների պատճառով է մահացել, Սևակն ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել: Նա իր նոթատետրում գրառումներ է կատարել ծառայությունից հետո ունեցած բազմաթիվ ծրագրերի մասին…

Դատարանը եզրակացրել է, որ Նարեկ Չ.-ի դատաքննական ցուցմունքն արժանահավատ չէ:

Զինվորի նկատմամբ կիրառված բռնության որոշ դրվագներով Նարեկ Չ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նարեկ Չ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով, 358.1 հոդվածի 1-ին մասով, 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Նարեկ Չ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով խստացնել պատիժը՝ Նարեկ Չ.-ին դատապարտել վերջին հաշվով 6 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման:

Դատավճիռը բողոքարկել են նաև Նարեկ Չ.-ի շահերի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել նրան:

Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմինը այս գործով կենտրոնացել է մեկ՝ ինքնասպանության վարկածի վրա: Մինչդեռ եթե երիտասարդը 2016 թվականի սկզբին հեռահար ծրագրեր է կազմել 2017-2018 թվականների համար, եթե զինվորը դեպքին նախորդած գիշերը հոր հետ հեռախոսազրույցում սննդամթերք ու հիգիենայի պարագաներ է ուզել, արդյո՞ք նա ցանկություն կունենար ինքնասպան լինելու: Հոր հետ գիշերային հեռախոսազրույցից, առավոտյան վաղ սափրվելուց, իր հիգիենայով զբաղվելուց հետո՝ մի քանի ժամվա ընթացքում ի՞նչ պիտի տեղի ունենար, որ երիտասարդը չկարողանար հաղթահարել ու վերջ տար կյանքին:

Նոթատետրում կատարած գրառումներում Սևակն ինքն իրենից պահանջել է. «Դառնալ ավելի աշխատասեր… Թքել հոգնած լինելու վրա… Դառնալ ավելի պատասխանատու… Չուշանալ… »: Գրառումներում Սևակը «խոսել» է իր հետ, ինքն իրեն առաջադրանքներ է տվել. «Ինչքան կարող ես՝ աշխատիր քո վրա… քո մարմնի վրա… Շատ վատ բնավորություն ունես… Քեզ փոխի, որ իսկական տղամարդ դառնաս… Շուտ զարթնիր… Գործերդ շուտ ավարտիր…

Ամեն օր մաքրիր կոշիկներդ, ֆիզիկապես ու մտավոր զարգացիր… Կամքիդ ուժն արթնացրու… Լվա մայկեդ ու տրուսիկդ… Երկու ամսում շարայինդ դզի, բանակը քեզ կտա կամք…»:

Պաշտպանական կողմը, ոչ արհեստավարժ ու անհամոզիչ համարելով հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, միջնորդել էր վերաքննիչ դատարան հրավիրել ու հարցաքննել դատական հոգեբան Ա. Վարդանյանին:

Վերաքննիչ դատարանը, անցնելով վերաքննության, դատարան էր հրավիրել դատական հոգեբանին: Դատական այս նիստում դատական հոգեբանը պատասխանեց պաշտպանական կողմի և դատարանի հարցերին:

Հոգեբանն ասաց, թե հետմահու դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու դեպքում, երբ հետազոտվողը ողջ չէ, ուսումնասիրվում են քրեական գործի նյութերը, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը, որոնք ներկայացվում են վարույթն իրականացնող մարմնի կողմից: Փորձաքննության ժամանակ ինքն օգտագործել է մասնագիտական գրականություն, փորձաքննությունն անցկացրել է գիտական մեթոդիկայի հիման վրա: Գիտական հետազոտությունների տվյալները տեղայնացվել են առկա իրողությունների հետ:

Փորձագետը նշեց, որ զինծառայության հետ կապված խնդիրները, կրիմինալ մթնոլորտի ազդեցությունները մասնագիտական գրականության մեջ արտացոլված չեն:

Պաշտպանական կողմին հետաքրքրող հարցը ձևակերպեց դատարանը՝ արդյո՞ք ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմող երիտասարդը ինքնասպանություն կգործեր:

Փորձագետն ասաց, թե ինքնասպանության երկու տեսակ կա՝ ռացիոնալ և աֆեկտիվ:

Ռացիոնալ ինքնասպանությունը ծրագրվում է տևական ժամանակ՝ որոշվում է օրը, ինքնասպանության եղանակը, նույնիսկ կտակի հարցեր են կարգավորում՝ մինչ ինքնասպան լինելը:

Աֆեկտիվ ինքնասպանությունները հուզական վիճակում են կատարվում: Մինչ այդ անձը կարող էր ունենալ ինքնասպանության վերաբերյալ մտքեր, բայց ընթացք չտալ դրանց կամ՝ առհասարակ կարող էր չմտածել ինքնասպանության մասին: Որոշակի իրավիճակում, հուզական բռնկման պահին անձը կարող է պտտվել ու, ասենք, ցած նետվել պատուհանից:

Ինքնասպանություն գործած անձի հուզական վիճակը կարող է ունենալ կուտակային՝ կումուլյատիվ բնույթ: Մինչ ինքնասպանություն գործելը նա կարող է ելքերի հավանական տարբերակներ մտածել, բայց ի վերջո կուտակված հուզական լարվածությունը կարող է հանգեցնել ինքնասպանության իրագործման:

Փորձագետը նշեց, որ այս գործով տուժող Սևակի՝ Նարեկ Չ.-ի հետ ընկերանալու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Սևակը հովանավոր է փնտրել:

Երիտասարդը չի տիրապետել ադապտացիոն մեխանիզմների, նա չի կարողացել լիովին հարմարվել զինվորական ծառայությանը:

Փորձագետը նշեց, որ հուզական վիճակի զարգացումը տվյալ դեպքում շատ «սպեցիֆիկ ընթացք է ունեցել»: Առերևույթ շատ ավելի չնչին ազդակը կարող էր վերջին կաթիլի ազդեցություն ունենալ, անձի մոտ կարող էր տեղի ունենալ հուզական պարպումը…

Պաշտպանական կողմին հետաքրքրում էր՝ ըստ քրեական գործի նյութերի՝ Նարեկ Չ.-ի կողմից տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու վերջին դրվագը ինքնասպանությունից 15 օր առաջ էր եղել, դրանից հետո Նարեկի ու Սևակի միջև որևէ միջադեպ չէր եղել: Դեպքին նախորդող գիշերը Սևակը հեռախոսազրույց է ունեցել հոր հետ, հիգիենայի պարագաներ ու սնունդ է ուզել՝ մի՞թե ինքնասպանության պատրաստ անձը նման պահանջներ կարող էր ունենալ: Դեպքի օրը Սևակը վաղ է արթնացել, սափրվել է, հանդիպել է ծառայակցին, ում վկայությամբ՝ Սևակը նորմալ տրամադրություն է ունեցել: Նման պայմաններում ինչո՞ւ է հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ փորձագետը նշել, թե Սևակի ինքնասպանության ու Նարեկի գործողությունների միջև պատճառահետևանքային կապ է առկա:

Փորձագետը պահանջեց ճշգրտել հարցը՝ նշելով, թե իր եզրակացության մեջ նման միտք չկա, ինքը չէր կարող գրել զինվորի ինքնասպանության ու ծառայակցի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի մասին:

Դատարանը հրապարակեց փորձաքննության եզրակացության տվյալ հատվածը: Փորձագետը նշել էր տուժողի հոգեվիճակի՛ ու Նարեկ Չ.-ի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի, ոչ թե ինքասպանության ու ամբաստանյալի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի մասին:

Միաժամանակ փորձագետը եզրակացության մեջ նշել էր, որ ինքնասպանության հասցնելը իրավական գնահատման խնդիր է, իր եզրակացությամբ ինքը նման հարցի պատասխանել չի կարող: Հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ տուժողի հոգեվիճակի վրա ազդելու տեսակետից է պատճառահետևանքային կապին անդրադարձ եղել:

Փորձագետը շեշտեց՝ դեպքերի զարգացման դինամիկան կազմվել է ամբողջ քրեական գործի նյութերի հետազոտության արդյունքում:

Մասնավորապես՝ դեպքի օրը Սևակը, այո, շատ վաղ է արթնացել: Հանդիպել է ծառայակցին ու նրա հարցին պատասխանել է. «Էսօր քունս չի տանում»:

Հետևաբար՝ չի կարելի ասել, թե նա դեպքի օրը նորմալ է արթնացել, ո՛չ, նորմալ չի արթնացել, նշել է, թե քունը չի տարել…

Դեպքից առաջ Սևակը զինծառայող Կնյազ Ի.-ի պահանջով՝ նրա փոխարեն մաքրության աշխատանք է կատարել ննջարանում: Ինչ-որ մեկի փոխարեն մաքրության աշխատանքներ կատարելը հարթ հոգեվիճակում գտնվելով չի արվում:

Փորձագետը շեշտեց՝ ըստ քրեական գործի նյութերի՝ դեպքի օրը Սևակի հոգեվիճակը հանգիստ չի եղել…

Փորձագետը նշեց՝ հայհոյանքի տեսակներ կան, որոնք կոնկրետ նվաստացնող նշանակություն ունեն զինծառայողների շրջանում, դրանց շատ հիվանդագին են արձագանքում: Այս խնդրով ՊՆ-ն էլ է զբաղվում…

Պաշտպանական կողմը հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը անվանեց «միակ ապացույցը», որ դրված է Նարեկ Չ.-ի մեղադրանքի հիմքում: Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական գործի նյութերով հիմնավորված չէ, որ Սևակն ինքնասպան է եղել…

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL