Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն վարչապետ, արդեն չգիտեմ թե քանի բաց նամակ եմ հղել Ձեզ, նաև չգիտեմ, Դուք կարդու°մ եք դրանք, թե «ձայն բարբառո անապատի» են մնում: Ամեն դեպքում Ձեր մամուլի ասուլիսի ընթացքում ասացիք, որ կարդում եք այն ամենը, ինչ Ձեզ է ուղղվում: Արդեն մեկ տարի գրում եմ Ձեզ և հավատացած եմ, որ կարդում եք: Այդուհանդերձ ինչու° չեք արձագանքում: Երբ Դուք ընդդիմադիր պատգամավոր էիք ( նաև` արդարադատության ներկա նախարար Արտակ Զեյնալյանը), առավել քան որևէ մեկը, քաջատեղյակ եք եղել ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների խնդիրներին: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի կողմից 2003 թվականի ապօրինի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված 42 դատապարտյալների դաժան ճակատագրին և վիճակին տեղյակ եք եղել:
Ձեր ղեկավարած ընդդիմադիր լրատվամիջոց «Հայկական ժամանակը» բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրը: Այդ օրաթերթի կողմից տպագրված իմ բաց նամակի արդյունքում ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն այցելեց մահապատժի դատապարտված դատապարտյալներին և հանդիպելով անձամբ ինձ հետ, ծանոթացավ խնդիրներին, արձանագրեց թույլ տրված կոպիտ սխալը: Նա խոստացավ գնալ և պարզել, թե ով է կազմել և Ռ. Քոչարյանին հրամցրել նման ապօրինի հրամանագիր:
Պարոն Փաշինյա’ն, Դուք այն բացառիկ պատգամավորներից մեկն եք, ով տարբեր տարիների, երբ մահապատժի դատապարտված դատապարտյալները դիմում էին ճարահատյալ հուսահատ միջոցի` հացադուլի (Դուք և Նաիրա Զոհրաբյանը ), այցելում էիք մեզ և հորդորում, որ դադարեցնենք հացադուլը, խոստանալով հարցը բարձրացնել ԱԺ — ում: Մեծարգո պարոն վարչապետ, Դուք այսօր Աստծու կամոք ՀՀ թիվ մեկ այն ղեկավարն եք, որ այդ հարցը բարձրացնելու կարիք այլևս չկա: Դուք իրավասու եք լուծելու այն` ինչպես ցանկանաք, և ես՝ Ստեփան Գրիգորյանս, ուզում եմ հասկանալ, Ձեզ ի°նչ պատահեց: Նոր գործիքակազմ հորինելու անհրաժեշտություն չկա: 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական նոր օրենսգիրքը գործողության մեջ դնող կարգն արգելում է նոր օրենսգրքի խստացված դրույթները տարածել նախկինում ծանր հանցագործություն կատարած անձանց վրա: Դա նաև սահմանադրական նորմ է, այդ մասին բազմիցս իրենց դիրքորոշումն են հայտնել բազմաթիվ հանրաճանաչ իրավաբաններ, իրավապաշտպաններ, գրագետ մարդիկ: Կամա թե ակամա մենք էլ ենք դարձել իրավաբան: Պարոն Փաշինյա’ն, ինչու° չեք հանձն առնում լուծելու այդ խնդիրը, վերացնելու թույլ տրված ապօրինությունը և անարդարությունը: Մենք ամեն օր վայրկյաններն ենք հաշվում և սպասում Ձեր արդարամիտ որոշմանը: Հույս ունեմ, որ սա կլինի իմ վերջին հորդոր — բաց նամակը Ձեզ. մենք էլ մարդ ենք, տառապում ենք:
Հարգանքով` մահապատժի և ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, 11 մայիսի 2019 թ.