ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ծանոթացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 1 տարին ամփոփող 100 փաստերի հետ։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր կդժվարանա առանձնացնել, թիրախավորել որևէ խնդիր։
«Ժողովրդի բարեկեցության աճ, իհարկե ոչ, չեմ տեսնում»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ պետք է ժողովրդին հարցնել, եթե ժողովուրդն իր ընտանիքնում, կեցության մեջ տեսնում է փոփոխություն, ինքը կողջունի այդ փոփոխությունները։
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ իր համար կարևոր չէ, թե քանի փաստ կհրապարկի իշխանությունը, կարևոր է, թե այսօր ժողովրդի կյանքում ինչ է փոխվել։
«Ինձ համար կարևորն այն է, որ այդ կարևոր փոփոխության արդյունքում, որը եղավ քաղաքական դաշտում, այսօր ժողովուրդն իր ապրելակերպի, կեցության մեջ դրական տեղաշարժ տեսնի։ Եթե տեսնում է, նշանակում է ամեն ինչ հրաշալի է, եթե չի տեսնում, ուրեմն կառավարությունը, մենք դեռ շատ բան ունենք անելու։ Հիմա ժողովրդի բարեկեցության աճ չեմ տեսնում»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսին ներկայացրեց 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։