Կառավարության գործունեության մեկ տարվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք.«Էս թեմայի հետ կապված մի սենսացիոն տեղեկություն ստացա, հնարավոր է՝ թվերի մեջ սխալվեմ՝ մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Երևանի փոքր կետրոնում ունի 250 հատ անշարժ գույք: Հիմա խնդիրը ո՞րն է՝ Քրեական օրենսգրքով նայում են, և էնքան էլ պարզ չէ, թե զուտ ֆորմալ առումով ոնց մոտենան էդ խնդրին, որ դառնա քրեաիրավական քննարկման առարկա։ Գույքը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ էդ մարդը հայտարարագրման ենթակա չի եղել, բայց ես ասել եմ՝ պետք է գտնենք ձևը»,- ասաց նա։
Կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետը իր խոսքում ակնարկել է Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին։ Նա նախկինում եղել է Կենտրոն համայնքի ղեկավարը։ Գագիկ Բեգլարյանի մասով իրավապահ մարմինները, ըստ մեր տեղեկությունների, լայնածավալ աշխատանքներ են կատարում, և առաջիկայում պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը։