Այսօրվա ասուլի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի՝ Գլխավոր դատախազին ուղղված դիմումից, որով նրանք միջնորդել էին ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ասաց, որ նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տան, որովհետեւ այդ հարցը այլեւս Գլխավոր դատախազի տիրույթում չէ.
«Եվ եթե նույնիսկ Գլխավոր դատախազը շատ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել, այդ առումով ճիշտ չէ Արցախի 2 նախագահների համար դիմում հասցեագրել մի տեղ, որը նման լիազորություն չունի, դա աշխատակազմի եւ իրավախորհրդատուների սխալն է եղել»։
mitq.am կայքի լրագրողի այն հարցին, թե ինքը ինչպես է վերաբերվում այդ քայլին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդկային առումով կարող է դա հասկանալ.
«Ընկերական հարաբերություններ կան. Քոչարյանը Արցախի 1-ին նախագահն է եղել, եւ այլն, եւ այլն, բայց այնուամենայնիրվ հարցեր ծագում են. եթե Արցախի խնդիր ենք լուծում, ապա բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, այդ դեպքում ինչու՞ նրան ազատելու համար միջնորդությամբ հանդես չեն եկել, եթե սկզբունքն ենք պահում, ապա նա էլ է հերոս, չէ՞, իրենք՝ կամ Քոչարյանը կամ Ղուկասյանն են տվել այդ կոչումը»։
Փաշինյանի խոսքով՝ եթե որեւէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքը ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, ապա նա չափազանց սխալվում է. «Եթե չեմ սխալվում, դե յուրե Քոչարյանին մեղասգրվող արարքը ավելի ծանր է, ուստի պետք է սկզբունքը հասկանալ»։
Փաշինյանը զուգահեռներ անցկացրեց Դավիթ Սանասարյանի վերաբերյալ դեպքի հետ. «Եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրիշ որեւէ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»։