Search
Close this search box.

«Հրապարակ». Արագածոտնի մարզպետարանը դարձել է «համակենտրոնացման ճամբար». մարզպետը ոչ մեկի հետ չի շփվում, ինքը հեղա­փոխություն է արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի ներկայիս մարզպետ Դավիթ Գևորգյանը (ներկայիս, որովհետև, կարծում ենք, պաշտոնը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ) պաշտո­նավարման առաջին օրերից, ըստ լրատվամիջոցների, հանրությանը հայտնի դարձավ ինքն իրեն 89 հա­զար դրամ գործուղման փող գրելով և ստանալով: Նշենք, որ մարզպետարա­նի շատ հնաբնակներ, 10, 15 և ավելի տարիներ աշխատելով այդ շենքում, նույնիսկ մեկ դրամ գործուղման փող չեն ստացել:

Մարսելով այս գումարը՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով ընդամենը երկու ամսվա աշխա­տանքային ստաժ ուներ, ամանորյա նվեր մատուցեց՝ ինքն իրեն գրելով 100 տոկոս պարգևավճար, իսկ փոխմարզպետներին, որոնք արդեն կես տարի աշխատում էին՝ 50 տոկոս: Այս փաստերը գալիս են ապա­ցուցելու, որ եթե կաշառք տվող լի­նի, վերցնող էլ կլինի, որովհետև չի կարող պարկեշտ պաշտոնյան նման քայլերի գնալ:

Ինչևէ: Արագածոտնի մարզպետարանը, ըստ մարզպետա­րանի մի շարք վախեցած պաշտոնյա­ների, դարձել է համակենտրոնացման ճամբար: Մարզպետը ոչ մեկի հետ չի շփվում: Պարբերաբար ներխուժում է աշխատասենյակներ, անտեղի վիրավորում աշխատակիցներին՝ պատճառաբանելով, թե ինքը հեղա­փոխություն է արել, իսկ այս մարդիկ հլու-հնազանդ ենթարկվել են իրենց նախկին վերադասներին:

Այս անձնավորությունը կարող է իր մարզի բնակչության հետ վիճել, անգամ հայհոյել, ինչպես որ եղավ Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքի բնակիչներից մեկի հետ: Լրատվամիջոցների ներկայությամբ նա չվարանեց սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել այդ անձնավորությանը՝ իհարկե ստանալով համարժեքից բարձր պատասխան»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL