Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են. համացանցում պարբերաբար այս թեման է քննարկվում:
Այսօր Արարատի մարզում կազմակերպված բիզնես-համաժողովին, որին մասնակցում էր ՀՀ վարչապետը, ներկա էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը. «Ես ընտրված մարդ եմ, նորմալ աշխատում եմ, չեմ էլ ուզում այդ հրապարակումներին անդրադառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: «Նոր իշխանությունների հետ բնականոն հունով աշխատում եմ, ամեն ինչ նորմալ է»,- հավելել է պաշտոնյան, ով 2018-ի սեպտեմբերին գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և խուլիգանություն կատարելու համար: Նա հանրությանը հայտնի «Թույների Մհերի» որդին է և ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակի» փեսան: