ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի հունվարի 21-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ժամը 09:10-ի սահմաններում մտել է Երեւան քաղաքում գործով վարկային կազմակերպություն եւ զենքի գործադրմամբ, սպառնալիքներ տալով, կազմակերպության աշխատակցից պահանջել եւ ստացել է գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով: Կազմակերպության աշխատակիցը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված լայնածավալ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, 25 ամյա երիտասարդը մուտք է գործել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող վարկային կազմակերպություն, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով հարձակվել կազմակերպության աշխատակցի վրա, պահանջել եւ ստացել խոշոր չափերի՝ 1 000 000 ՀՀ դրամ գումար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1994թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: