Երեկ՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով մի քաղաքացու իր վարած BMW մակնիշի 96 GC 777 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Բազումի բաժին:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Բազումի ոստիկանները և ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ նկատել են, որ այդ քաղաքացին ձեռքը վեր պարզած կրակոց է արձակում: Բազումի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են ճիշտ և գրագետ ձևով վնասազերծել այդ քաղաքացուն, ինչի շնորհիվ հետագա կրակոցների արձակումը դադարել է:
Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ, 23-ամյա Արմեն Խարատյանն է, ում անձնական խուզարկությամբ աջ գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակը:
Արդեն ոստիկանությունում կրակոց արձակած երիտասարդը խոստովանել է, որ ատրճանակը գնել է 1 տարի առաջ, երբ ինքը գտնվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում և այն գնել է Մոսկվա քաղաքում: Կրակոցի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը կրակոց է արձակել, քանի որ, երբ եկել է նշված վայր, նկատել է, որ հոր շուրջը խմբված անձինք կան ու ենթադրել է, որ այդ անձինք հոր հետ վիճաբանում են ու ինքը խառնված, իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել ու եթե ոստիկանները օպերատիվ ձևով իրեն չզինաթափեին, ապա հնարավոր է՝ նա անկանոն կրակոցներ արձակեր ու քաղաքացիներ տուժեին: