ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր դատարան էին ներկայացել նաեւ շորթման դրվագով տուժող Պետրոս Թորոսյանի որդին՝ Հայկ Թորոսյանը եւ նրա ներկայացուցիչը:
Մանվել Գրիգորյանի մեղադրանքի այս դրվագն առնչվում է 2004 թվականին տեղի ունեցած դեպքին, երբ Գրիգորյանը, զբաղեցնելով պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ըստ ՀՔԾ-ի, կազմակերպել է Էջմիածնի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ բենզալիցքավորման կետի շորթումը՝ դա անելով Թորոսյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Նիստի ավարտից հետո տուժողի իրավահաջորդ Հայկ Թորոսյանը մեր զրույցում ասաց, որ սպառնալիքները եղել են Մանվել Գրիգորյանի այդ տարիների օգնականների՝ Արա Մարուքյանի եւ Գեւորգ Այվազյանի միջոցով, որի արդյունքում բենզալցակայանը տուժող կողմի գնահատմամբ՝ ապօրինի ճանապարհով դուրս է եկել Պետրոս Թորոսյանի սեփականության իրավունքից: Նա ասաց, որ հայրը նախկինում հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, քանի որ հույս չուներ արդարության հասնել. երբ տեսել է Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին տեղեկությունը, երկու օր հետո հաղորդում է ներկայացրել ՀՔԾ: «Հայրս, երբ բենզալցակայանը կառուցել է, կառուցել է Մանվել Գրիգորյանին պատկանող Գրիգոր Լուսավորիչ համալսարանին կից: Գրիգորյանին հետաքրքրել է ընթացող շինարարությունը եւ նա ուղարկել է իր օգնականներին, որպեսզի սպառնալիքների միջոցով հորիցս վերցնի բենզալցակայանը՝ առանց որեւէ փոխհատուցում տալու»,- պատմեց Հայկ Թորոսյանը: Նրա ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանն էլ հավելեց. «Պետրոս Թորոսյանին ասել են՝ եթե չտաս բենզալցակայանը, ավելի ճիշտ ա ընտանիքիդ վերցնես հեռանաս, անգամ կարող ա չհասցնես հեռանաս»: Հայկ Թորոսյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի օգնականները օրվա ցանկացած ժամին գնում էին իրենց տուն եւ ասում, որ գեներալը պատասխանի է սպասում. «Ասում էին՝ մենք պիտի պատասխան ասենք, ճակատագրական պահ ա, որոշի՝ ինչ ա, ոնց ա: Երբ հայրս զգացել է, որ սպառնալիքները մոտենում են իրականության, զգացել է, որ մեր ընտանիքին լուրջ վտանգ է սպառնում, էս մարդիկ ուղղակի չեն խոսում, խոսում են գեներալ Մանվել Գիգորյանի անունից, իր կամքին հակառակ բենզալցակայանը զիջել է Մանվել Գրիգորյանին»,- ասաց տուժողի իրավահաջորդը: Վերջինս ասաց, որ հայրը բամաթիվ փորձեր է արել անձամբ Մանվել Գրիգորյանին հանդիպելու եւ փոխհատուցում ստանալու համար, սակայն ապարդյուն. «Մերժվել է, քանի որ պատասխանել են՝ գեներալը չի ուզում քեզ տեսնի, ինքը հանգստանում ա, քո հետեւից ես ընկել…: Հեղափոխությունից հետո հայրս, հույս դնելով այս պետության, ուժային կառույցի վրա, փորձել է հետ բերել իր չարչարանքներով ստեղծված գույքը, բիզնեսը, սակայն, ցավոք սրտի չհասցրեց»,- նշեց որդին:
Մեր հարցին, թե հիմա ո՞ւմ է պատկանում բենզալցակայանը, փաստաբան Մելիքյանը պատասխանեց, որ այն գրանցված է «Էջմիածնի մաքրություն» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որի 100 տոկոսանոց բաժնետերը, միակ սեփականատերը Նազիկ Ամիրյանն է: «Քաղհայց ենք ներկայացնելու դատարան, ըստ այդմ դատարանը կորոշի»,- եզրափակեց փաստաբանը: