Search
Close this search box.

ՀՀ-ում տասնյակ հազարներով թոշակառուներ, որոնք գոյություն չունեն, թոշակ են ստանում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, երբ ներկայացնում էր ԱԺ Լուսավոր հայաստան խմբակցության պատգամավորների ներկայացրած Պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան նկատողություն արեց:

«Ես չեմ հասկանում այն նախագծերը, որով մեզ առաջարկում են հետ գնալ: Այս իրավիճակն ինչի՞ց է առաջացել, ասում են, որ մեր հիշողությունը կարճ է, բայց այդքան էլ կարճ չէ: Այս ամենն առաջացել է այն բանի արդյունքում, որ ՀՀ-ում տասնյակ հազարներով թոշակառուներ, որոնք գոյություն չունեն, թոշակ են ստանում: Եվ դրա արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք առաջարկում ենք էլի մեխանիզմ ստեղծել, որ հինը նորից տեղի ունենա: Այսինքն՝ 10 տարի անցավ, բոլորս մոռացանք ամեն ինչ, նորից սկսում ենք զրոյի՞ց, սա անհասկանալի տրամաբանություն է»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ մինչև այսօր ՀՀ-ում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ, և կառավարությունից մեծ ջանքեր են պահանջվում այդ համակարգի հետևից գնալու: «Փոխանակ մենք մտածենք ոնց անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենանք, հիմա մենք ասում ենք՝ եկեք միջանցք բացենք, որ նորից դա կրկնվի: Դա բացարձակ անընդունելի բան է»,- ասաց Փաշինյանը:

Զարուհի Բաթոյանն ասել էր, որ պատգամավորների առաջարկը կառավարությունը մերժում է, բայց իրենց նախարարությունում կա մի նախագիծ, որով կոնկրետ անձանց միջոցով վերահսվելու է թոշակառուների ու նպաստառուների հարցը, նրանց գոյություն ունենալու փաստը:
«Բայց այդ նույն անձանց միոջոցո՞վ չէ նախկին համակարգը ձևավորվել: Այսօր 21-րդ դարն է, դրեք ամիսը մեկ սկայպով զանգեք, անձամբ խոսեք: Փոխանակ առաջ գնանք, տեխնոլոգիաներն օգտագործենք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք, հայտնվենք 1997 թվական: Դա ի՞նչ է նշանակում: 21-րդ դարն է, գտեք տեխնոլոգիական լուծումներ, որ մարդու գոյություն ունենալու կոնկրետ փաստն արձանագրվի այլ ճանապարհներով: Մենք պաշտոնյա ենք դնում, որ վերահսկի՝ մարդը գոյություն ունի՞, թե՞ չէ: Դա նշանակում է, որ այդ պաշտոնյան գոյություն չունեցող թոշակառուի թոշակն ինքն է ստանալու»,- ասաց վարչապետը:

Please enter a valid URL