Search
Close this search box.

Կոշկակարի դանակով 3-ամյա երեխայի ներկայությամբ նախ սպանել է մորը, ապա երեխային. ցմահ դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել

«Փաստինֆո»-ն գրում է. 29-ամյա կնոջը` իր 3-ամյա դստեր հետ սպանելու համար ցմահ ազատազրկված դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ ազատ արձակվելու համար, ինչին դեմ է  տուժող կողմը։ Վերջինս գրավոր դիմում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Գրիգորյանին:

Սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի ապրիլի 20-ին։ Դեպքի մանրամասները «Փաստինֆո»-ին պատմեց սպանված կնոջ մայրը՝ Ժանետա Հարությունյանը։

«Աղջկաս դասընկերը, ում հետ դպրոցն ավարտելուց հետո որեւէ կապ չի եղել, կարծեմ՝ նա 10 տարի Հայաստանում չի էլ եղել, Հայաստան վերադառնալով եւ աղջկաս 1-2 անգամ պատահաբար հանդիպելով, մի օր իր 2 ընկերների հետ եկավ իմ աշխատավայր՝ խորհրդատվության։ Ասաց, թե ինքն Արցախում դեղորայքի մատակարարմամբ է զբաղվում եւ ուզում է Երեւանում էլ դեղատուն բացել, ես էլ, քանի որ դեղատան տնօրեն եմ, բացատրեցի, որ ըստ կարգի՝ պետք է լիցենզիա հանվի, եւ այլն, եւ այլն։ Դրանից ժամեր անց` ցերեկը՝ ժամը 2-ին, երբ ես դեռ աշխատանքի էի, նա դանակը ձեռքին ներխուժեց մեր տուն, 3 տարեկան թոռանս աչքի առաջ նախ սպանեց աղջկաս, ապա դանակի հարվածներով՝ նաեւ թոռանս»,-պատմում է տիկին Ժաննան։

Երբ  ոստիկանները հետաքրքրվել են, թե ով կարող է իրենց տուն եկած լինել, որ իր աղջիկը` 29-ամյա Գայանե Սարգսյանը, առանց կասկածանքի դուռը բացի, տիկին Ժաննան պատմել է այդ դասընկերոջ մասին` ընդգծելով, որ վերջինս իր ընկերների հետ է այցելել իր աշխատավայր. «Որքանով ես գիտեմ՝ այդ երկուսին էլ էին բռնել, բայց հետո նրանք պնդել են, թե աղջկաս դասընկերոջը տարել, մեր տան մոտ իջեցրել են, չգիտեմ, ամեն դեպքում ոստիկանները հետաքննեցին, տեսան, որ այդպես է, իսկ դասընկերն էլ ընդունեց իր մեղքը, թեեւ ոչ դատաքննության ժամանակ, ոչ հետագայում չզղջաց դրա համար»։

Հիշյալ դասընկերը ՀՀ քաղաքացի Իգոր Օհանյանն է` ծնված 1965 թվականին, որը խոստովանել է, որ պարտք է ունեցել, եւ դա մարելու համար որոշել է թալանել տուժողի տունը։ Ավելի ուշ նա փոխել է ցուցմունքը` ասելով, թե այդ պարտքի գումարը` 2000 դոլարի չափով, ինքը տվել է սպանված կնոջը` Գայանե Սարգսյանին, ով էլ հրաժարվել է վերադարձնել, ինչի պատճառով էլ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն, ապա` սպանություն: Սակայն դատարանը այս պատճառաբանությունը արժանահավատ չի համարել` գտնելով, որ ամբաստանյալը նպատակ է հետապնդել ենթարկվել կատարածի համեմատ ավելի մեղմ պատասխանատվության:

Դատական կոլեգիան գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է կիրառվի բացառիկ պատժամիջոց` հաշվի առնելով նրա անձի բացառիկ վտանգավորությունը. «Նկատի ունենալով, որ նա շահադիտական դրդումներով եւ առանձին դաժանությամբ կատարել է երկու անձանց սպանություն, ընդ որում` 3-ամյա երեխայի` ներկայությամբ սպանելով մորը` այնուհետեւ կոշկակարի դանակի 10 հարվածներով դաժանաբար սպանել է նաեւ երեխային, վկայում է ամբաստանյալի անձի հասարակական բացառիկ վտանգավորության մասին»,-նշված է դատավճռում:

Այսպիսով, Իգոր Օհանյանը մեղադրվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի, 99-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի հատկանիշներով: Դրանք են` ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն զուգորդված` ավազակության միջոցով գույքի հափշտակումը եւ շահադիտական դրդումներով երկու կամ մի քանի անձանց առանձին դաժանությամբ կամ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունը:  Կատարված հանցագործությունը եւ նրա նախնական ցուցմունքի իսկությունը հաստատվել են գործով մի շարք վկաների ցուցմունքներով եւ նշանակված փորձաքննություններով, իսկ հափշտակված զարդերը եւ տեսաձայնագրիչ սարքը հայտնաբերվել եւ վերադարձվել են:

Ըստ դատավճռի` Օհանյանը 88-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ, իսկ 99-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականին մահապատիժը Հայաստանի Հանրապետությունում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, այդպիսով` Իգոր Օհանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Արդեն 25 տարի է` նա գտնվում է անազատության մեջ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL