«Ես կարա՞մ ուրիշին առևանգեմ, վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել», — այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն՝ արձագանքելով հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի այն հայտարարությանը, թե Սամվել Ալեքսանյանն առևանգել է իրեն։
Ալեքսանյանն ասաց, որ Ղուշչյանի հետ երբեք չի շփվել, նրան միայն հեռուստացույցով է տեսել։
«Ես առևանգող մարդ ե՞մ, այ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձնից, ինձ չառևանգեն, ես կարա՞մ ուրիշին առևանգեմ, վայթե Ղուշչյանն ա ինձ առևանգել», — ասաց Ալեքսանյանը։
Իրեն առևանգելու մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր Համլետ Ղուշչյանը, պնդելով, որ Ալեքսանյանը նաև իր ճակատին ատրճանակ է պահել: Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առևանգում և առևանգման կազմակերպում հոդվածներով։ Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Գործի շրջանակում երեքշաբթի երեկոյան Սամվել Ալեքսանյանը կոմիտեում հարցաքննվել է։