Search
Close this search box.

Խնջույքի են մասնակցել, ալկոհոլի ազդեցության տակ լեզվակռիվ տեղի ունեցել. ընկերոջը սպանելու մանրամասները

Այսօր՝ լուսադեմին, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունեցել սպանություն։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը. «Շենգավիթ ԲԿ-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով երկու քաղաքացի է տեղափոխվել, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է»,-նշեց նա։

Ավելի ուշ պարզվել է, որ տուժածները 32 եւ 31 տարեկան Գրիգորյան եղբայրներն են, Երեւան քաղաքի բնակիչներ։ Մահացածը եղբայրներից փոքրն է՝ 31 տարեկան Գ. Գ.-ն։

Նշենք, որ սպանության մեջ կասկածվողը կարճ ժամանակում հայտնաբերվել է եւ ձերբակալվել։ Նա եւս 32 տարեկան է։

Նախնական տեղեկություններով՝ վերջինս տուժածների ընկերն է, որոնց հետ միասին խնջույքի է մասնակցել Էջմիածնում, որտեղ նրանք ալկոհոլ են օգտագործել, ինչի ազդեցության տակ լեզվակռիվ է տեղի ունեցել, եւ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։ Սա ավելի ուշ շարունակվել է նաեւ Երեւանում։

Խաչատրյանի փոխանցմամբ՝ մյուս տուժածը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 112-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանությունը եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Please enter a valid URL