ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արձագանքում եմ ընկերներիս խնդրանքին…
Այո’, ինձ համար անհասկանալի է պրն Դավիթ Սանասարյանի կողմից 3.000.000 դրամ արժողությամբ կոստյում կրելու հարցին չպատասխանելը կամ այն շրջանցելը։ Եթե նախկինում գագիկ խաչատրյաններն ու արմեն ավետիսյանները կրել են նման կոստյումներ և չեն համարվել կոռումպացված պաշտոնյաներ, այլ դասվել են մեծահարուստ սրբերի շարքին, ապա Նոր Հայաստանում, դա ոչ միայն անթույլատրելի է, այլև ակնհայտորեն հակասում է թավշյա հեղափոխության ողջ տրամաբանությանը։
Հ.Գ. Ներկա ժամանակներում հարուցված քրեական գործը «շինծու» որակելը ոչ այլ ինչ է, եթե ոչ գործող իշխանություններին վարկաբեկելու ակնհայտ փորձ։ Պաշտպան կա, ով մնացել է նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում և չի «հավատում» , որ այլևս չկան քաղաքական պատվերով հարուցված քրեական գործեր և որ մարդիկ չեն դատվում Բաղրամյան 26֊ի մատուցած մենյույով կամ ճաշակով։
Հ.Գ. Որպեսզի ընթերցողը ճիշտ կարծիք ձևավորի խոսքիս նկատմամբ, ապա, ասեմ, որ ես որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա երբևէ չեմ կրել նման թանկարժեք կոստյումներ և չէի էլ կարող կրել, որովհետև ունեի կայուն արժեհամակարգ։ Երբեք չէի հարգի և չէի ների ինքս ինձ, եթե փորձեի դրսևորել նման հավակնություն… քանի որ իմ հայրենակիցների շուրջ երեսուն տոկոսն ապրում էր աղքատության մեջ։ Իսկ եթե պարզվի, որ Դավիթ Սանասարյանը նման շքեղ կոստյում է կրել կամ կրում, ապա քրեական օրենսգիրքը անխուսափելիորեն կծառայի իր նպատակին, որքան էլ որ ոմանք լուրջ դեմքով հայտարարեն, թե ԱԱԾ տնօրեն Պրն Վանեցյանը որևէ վերադասություն չունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նկատմամբ։