Search
Close this search box.

Վարորդական իրավունքի ձեռքբերման կարգը խստացվելու է. ՃՈ պետի տեղակալ

Երթևեկության քննության կարգն անցկացվելու է և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունքի ձեռքբերման կարգի նախատեսված փոփոխություններին:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը պարտավորվել է մինչև հունիսի 1-ը միանալ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության ճանապարհային քարտեզներին, որի արդյունքում մի շարք ակտեր փոփոխվելու են, մասնավորապես, որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի արտաքին տեսքի, ձևի հետ կապված:

«Որակավորման քննությունների հետ կապված առաջինը կրթական գործընթացն է: Գիտեք, որ նախկինում մեզ մոտ ազատականացված էր: Փոփոխություն կա նաև C կատեգորիայի մասով: Ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում՝ քաղաքացուն A, B, C կատեգորիաների համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել, իսկ ներկայիս պահանջով՝ պրոֆեսիոնալ վարորդները՝ C կատեգորիայի, պետք է անցնեն կրթական պրոցեսներով»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ վարորդական իրավունքի ձեռքբերման կարգը խստացվելու է։

«Մեզ մոտ, օրինակ, երթևեկության քննությունն անցկացվում էր կա՛մ ավտոհրապարակում, կա՛մ երթևեկության իրական պայմաններում: Հիմա քննության կարգն անցկացվելու է և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում»,- պարզաբանեց Արթուր Տոնոյանը:

Please enter a valid URL