Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին Երեւանում կատարված դաժան սպանության գործը։
Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրեյ Խալիլյանը, Խաչիկ Հարությունյանի սպանության կատարումը հեշտացնելու նպատակով, ունենալով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորություն, 2018թ. ապրիլի 10-ին ժամը 11:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի տանը կից անասնագոմում կացնահարելով սպանել է Գեւորգ Մաթոսյանին։
Այնուհետեւ նույն տան հյուրասենյակում, պայթյունի եղանակով դիտավորությամբ ուրիշի գույքը զգալի չափերով վնասելով` իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահվող, ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակի, այնուհետեւ, տան բակում նաեւ կացնի գործադրմամբ, փորձել է սպանել Խաչիկ Հարությունյանին, սակայն վերջինիս սպանությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:
Նախնական քննության տվյալների համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել դիակը հայտնաբերվելուց ավելի քան մեկ ամիս առաջ՝ տուժողի ծանոթի փաստացի կնոջ որդու կողմից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողի տանն են բնակվելիս եղել նաեւ նրա ընկերը՝ փաստացի կնոջ, մեկ տարեկան երեխայի եւ կնոջ որդու հետ միասին։ Ըստ ցուցմունքների՝ ընտանիքում պարբերաբար եղել են վիճաբանություններ կենցաղային հարցերի շուրջ, որոնց ժամանակ նաեւ բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ։ Որդին, ով 2017 թվականի հունվարից գտնվել է զինծառայության մեջ, տեղեկանալով կատարվածի մասին, ցանկացել է վրեժխնդիր լինել։
2018 թվականի ապրիլին՝ կարճաժամկետ արձակուրդի շրջանակներում, երիտասարդը վերադարձել է տուն եւ մոր ամուսնուց վրեժխնդիր լինելու նպատակով նախ անասնագոմում կացնով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել տանտիրոջը, ապա տանը նռնակը նետել մոր ամուսնու ոտքերի տակ, այնուհետեւ կացնով հարվածել նրա գլխին: Վերջինիս առողջությանը պատճառվել էր թեթեւ վնաս։