Վլադիմիր Պուտինն արձագանքել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ռուսներին և ազատության համար պայքարողներին Ուկրաինայի անձնագրեր տրամադրելու պատրաստակամությանը` նշելով, որ ռուսներն ու ուկրաինացիները միայն կշահեն, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան, հաղորդում է РИА Новости-ն:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահը ստորագրել է Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի որոշ շրջանների բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու պարզեցման մասին հրամանագիրը:
Շաբաթ Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր ռուսական կողմի որոշմանը. «Ռուսական իշխանություններին խորհուրդ չէի տա Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրերով գայթակղելով՝ ժամանակ ծախսել»: Զելենսկին հավելել էր, որ շատ ուկրաինացիներ հազիվ թե ցանկանան դա օգտագործել:
Ի պատասխան Զելենսկու ֆեսբուքյան գրառմանը՝ Պուտինն ասել է. «Իսկապես այդպե՞ս է ասել: Շատ լավ է: Սրանից կարելի է ենթադրել, որ մենք համաձայնության կգանք, քանի որ շատ ընդհանրություններ ունենք»: