Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանության տոտալ գրոհը կոնկրետ պատճառ ու նպատակ ունի

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամաբ իշխանությունը տոտալ գրոհ է սկսել: Այդ գրոհին մասնակից են ինչպես իշխանական մարմինները՝ դատախազություն, Պետական եկամուտների կոմիտե, մարզպետարան, Աժ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ, այնպես էլ իշխանության անմիջական հովանավորությամբ և ուղղորդմամբ գործող կազմակերպություններ, ինչպիսին ասում են հանդիսանում է «ՔՈ» անունը կրող կուսակցությունը, որը այսօր կատարում է նույն դերը, ինչ ՀՀԿ-ական իշխանության օրոք կատարում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը: Այս կուսակցությունը ընդդիմադիր է ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը: Կուսակցության ղեկավարներից մեկը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի նախկին աշխատակից Միքայել Նահապետյանն է, ով ըստ որոշ տեղեկությունների` նրա հանձնարարությամբ է գործուղվել «ՔՈ» գրասենյակ` ընդդիմությանը ընդդիմություն աշխատելու համար:

Չանդրադառնալ «հարձակման» մանրամասներին և առանձին դետալներին, որոնք հանրությանը շատ լավ հայտնի են սկսած «Առինջ մոլ»-ի դեմ իրականացվող հարձակումներով, վերջացրած «Արարատի ցեմենտ» գործարանի, և Ծաղկաձորի ճոպանուղու հետ կապված պատմությունները: Առաջիկայում այս ցանկը կարող է ընդլայնվել:
Մեզ համար ավելի կարևոր է հասկանալ, թե որն է Ծառուկյանի դեմ սկսված արշավի բուն նպատակը, և ինչի են ուզում հասնել դրանով իշխանությունները: Հիմնական նպատակը, իհարկե, քաղաքական է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատը տեսնում են իրենց իշխանության վարկանիշի սրընթաց անկումը: Դա այլևս անդառնալի գործընթաց է, որը գնալով ավելի մեծ թափ է հավաքելու, ֆիզիկայի օրենքներն են այդպիսին:
«Բարգավաճ Հայաստան»-ը երկրի թիվ երկրորդ քաղաքական ուժն է, ընդ որում քաղաքական պատմություն ունեցող և կազմակերպչական առումով` կայացած: Իշխանության վարկանիշի անկման դեպքում բնական է, որ հասարակության հայացքը ուղղվելու է դեպի Բարգավաճ Հայաստան և դեպի Գագիկ Ծառուկյան: Պարզ ասած, որքան արագ է իշխանությունը հեղինակազրկվելու, այնքան արագ է ավելանալու ԲՀԿ-ի վարկանշը:

Իշխանությունը սրա դեմն առնելու համար չունի քաղաքական լծակներ, դրա համար դիմում է վարչական միջամտության, օգտագործելով իր ունեցած կառավարչական մարմինները, նպատակ դնելով քաղաքական դաշտից հեռացնել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Սրա մեջ ոչ մի օրիգինալ բան չկա. «Իմ քայլ»-ը մեկին-մեկ կրկնում է ՀՀԿ-կան իշխանությանը: Կարճաժամկետ առումով հաջողություններ հնարավոր են, բայց երկարաժամկետ հեռանկարի դիտարկման տեսանկյունից ՀՀԿ-ի փորձը ցույց է տալիս, թե դա ինչի կարող է հանգեցնել:
Իշխանությունը և նրա առանձին ներկայացուցիչները այս արշավում, այլ նեղ անձնական նպատակներ էլ են հետապնդում: Գագիկ Ծառուկյանը հարուստ մարդ է, իսկ նոր իշխանության եկածները` ընչաքաղց: Իսկ ինչու փորձ չանել Ծառուկյանի հաշվին մի քիչ փող աշխատել, նրան հարկային պարտավորություններ վերագրելու, նրանից ինչ որ ձեռնարկություններ խլելու միջոցով, սա համեմելով ամենատարրական շանտաժով:
Թվում է, թե նոր իշխանության մեջ հայտնվածները պետք է դասեր քաղեն նախորդներից, և չկրկնեն նրանց թույլ տված սխալները, նրանց ճակատագիրը չկիսելու համար: Բայց մարդկանց ընչաքաղցությունը մթագնում է նրանց բանականությունը, և նման դեպքում նրանք սկսում են շարժվել բնազդներով, ինչի հետևանքներին էլ մենք ականատես ենք:

ArmLife.am

Please enter a valid URL