Search
Close this search box.

«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանը նեղացել է Սերժ Սարգսյանից. ՀՀԿ-ականները չեն ցանկանում հրապարակայնացնել այս ամենը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ներկուսակցական խմորումներ են սկսվել: Դրա վկայություններից մեկն էլ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` ԱՄՆ մեկնելն է:

Օրերս նա տեղեկացրել էր, որ ԱՄՆ մեկնել է մեկ տարով՝ ուսանելու: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա Հայաստանից հեռացել է նեղացած: Ե՛վ 2017թ., ե՛ւ 2018թ. ԱԺ ընտրություններում Վիգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակը, եւ խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է տեսնում իրավահաջորդի դերում` պատրաստվելով փոխանցել կուսակցության ղեկը. անգամ խոսվում էր ՀՀԿ համագումար անցկացնելու մասին:

Սակայն հետո Ս. Սարգսյանը մտափոխվել է եւ ասել, որ ինքը մնալու է ՀՀԿ նախագահի պաշտոնում: Վիգեն Սարգսյանն էլ մտերիմ շրջապատում նեղսրտել է, թե ՀՀ-ում իր համար ապագա չի տեսնում: ՀՀԿ-ականների մի մասն, իհարկե, չի ցանկանում Վիգեն Սարգսյանին տեսնել կուսակցության ղեկավարի պաշտոնում, սակայն շատերն էլ հենց Սերժ Սարգսյանին են մեղադրում, որ չի ուզում լքել այդ պաշտոնը, քանի որ կուսակցության անունը հնարավոր չէ այլ կերպ մաքրել:

ՀՀԿ-ականներն, իհարկե, չեն ցանկանում հրապարակայնացնել այս ամենը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքեց այդ լուրերը` ասելով. «Նման հարց ՀՀԿ օրակարգում չի եղել, հետեւաբար նման խոսակցությունները ապատեղեկատվություն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Please enter a valid URL