Search
Close this search box.

«Հրապարակ». «ՀՀԿ-ին ֆիկտիվ եմ անդամակցել». ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը՝ ՀՀԿ-ական լինելու և Տեր-Պետրոսյանին համակրելու մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Պապոյան, ասում են՝ եղել եք ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ անդամ Գեւորգ Պապոյանին։ «Ոչ, ես չեմ եղել ՀՀԿ ներկայացուցիչ, ունեցել եմ ընկերներ` դեռեւս 12 տարի առաջ, որոնց հետ գնացել ենք Արագած սար եւ նկարվել ենք, եւ նկարը շրջանառվում է։ Իսկ ինչ վերաբերում է երիտթեւի անդամ լինելուն, ապա ես՝ իմ թանկագին ընկերոջ խնդրանքով, չեմ ասի անունը, մի կարճ ժամանակ` մասնավորապես մինչեւ 2007թ. հոկտեմբեր ամիսը, ֆիկտիվ կերպով անդամակցել եմ ՀՀԿ-ին»:

Ներեցեք, ի՞նչ ասել է` ֆիկտիվ կերպով, ֆեյք ՀՀԿ-ակա՞ն եք եղել։ «Ո՛չ, ո՛չ։ Տեսեք, էսպես ասած` իմ ուսանողական ընկերն էր` ընդառաջեցի, այսինքն` ձեւական»: Բա ո՞նց իմանանք` ֆիկտի՞վ էր, թե՞ իրական։ Իսկ կարո՞ղ է ՔՊ-ին էլ եք ֆիկտիվ անդամակցել։ «ՔՊ անդամ դառնալու դիմումի մեջ իմ ցանկության մասին մեծատառերով գրված է»:

Հաստա՞տ մեծատառերով է գրված։ «Այո, առաջին տառերը՝ մեծատառերով, մնացածը` մեծ-մեծ տառերով, միանաշանակ։ Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչեւ 2012թ․ համակրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարները»:

ՔՊ-ն Ձեր ո՞րերորդ կուսակցությունն է։ «Փաստացի՝ երկրորդ․․․ Ես, ըստ էության, այն ժամանակ եմ համակրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ մեր այսօրվա ղեկավարը համագործակցում էր Տեր-Պետրոսյանի հետ»: Ասում են` Սերժ Սարգսյանը վերադառնում է. հնարավո՞ր է կրկին համակրեք նրան։ «Ոչ, ես հպարտանում եմ, որ ՀՀԿ-ից դուրս եմ եկել 2007 թվականին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Please enter a valid URL