Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոտքերի մասում ստացած այրվածքներով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխա։
Կայքի տեղեկություններով՝ երեխային հիվանդանոց է տեղափոխել մայրը՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան տանը օրորոցում է եղել, երբ մայրը նկատել է, որ օրորոցը վառվում է և ճիշտ կողնորոշվելով՝ կարողացել է մարել կրակը և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ տղային տեղափոխել է հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։
Կայքը հայտնում է նաև, որ երեխան, ով «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել «ստորին վերջույթների այրվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն։