Search
Close this search box.

Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում.

Իսկ Մանուկի հերոսական որդին հազարամյա տապանաքարերից հանված մարդկային ոսկորները համարել է լրագրողների կերած խաշի ոսկորներ:

Լրագրող իմ գործընկերների բարձրացրած աղմուկի պատճառով եւս մեկ պատմամշակութային վանդալիզմ առայժմ կասեցվեց։ Ոմն Մանուկ Մանուկյան, ով, հանկարծ չուշաթափվեք՝ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է, սեփականաշնորհել է Հայաստանի ամենաբացառիկ մշակութային կոթողներից մեկի՝ Ամբերդի պահպանման գոտու տարածքը, տրակտոր ու ծանր տեխնիկա լցրել եւ որոշել էր Ամբերդի քթի տակ սեփական բիզնես օբյեկտը բացել, որը կոչվելու էր «Ամբերդ Թոնիր»։ Ինչպես պատմեցին հարակից գյուղերի բնակիչները, Մանուկի տրակտորը արդեն հասցրել է ոչնչացնել բազմաթիվ հնեաբանական գտածոներ, որովհետեւ տրակտորի «քաղհան» արված հատվածներում դուրս են եկել խեցեղենի կտորներ, սափոր, տապանաքարերի կտորներ եւ մարդկային ոսկորներ։

Ո՞վ է Մանուկ Մանուկյանին տվել սեփականության այդ իրավունքը՝ ոչ ոք չգիտի։ Չգիտի նաեւ Բյուրականի համայնքապետը, ով միայն հիշում է, որ Մանուկը սեփականության վկայական հաստատ ունի։

Ի դեպ, երբ մի քանի օր շարունակ ծանր տեխնիկան Ամբերդի պահպանման գոտում վանդալիզմ էր իրականացնում, Բյուրականի համայնքապետը տեղյակ չի եղել, որովհետեւ իրեն ոչ ոք այդ մասին չի ասել։

Եւ միայն լրագրողներ Նարինե Կիրակոսյանի, Գագիկ Շամշյանի եւ մեր մյուս գործընկերների օպերատիվ արձագանքից հետո մշակույթի նախարարությունը ժամանակավորապես կասեցրել է Ամբերդի պահպանման գոտու վանդալիզմը։

Եւ այսպես՝ հույս ունենանք, որ մշակույթի դեռեւս գործող նախարարությունը ոչ թե ժամանակավորապես, այլ ընդհանրապես կկասեցնի աննախադեպ այս վանդալիզմը։ Սա առաջին։ Երկրորդ՝ հույս ունենանք, որ կառավարությունը շատ արագ կպարզի, թե ո՞վ է Մանուկ Մանուկյանին «շնորհել» սեփականության այդ իրավունքը։ Եւ երրորդ՝ թե՛ սեփականության իրավունք տվողը եւ թե՛ Մանուկ Մանուկյանը օրենքի առաջ կկրեն իրենց պատասխանատվությունը։

Իսկ Արագածոտնի մարզպետին չէր խանգարի, որպես սկիզբ՝ ազատել Մանուկ Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից։

Please enter a valid URL