Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պարզաբանում է ներկայացրել իր ունեցվածքի ծագումնաբանության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՊՎԾ ֆեյսբուքյան էջից:
Պարզաբանումն ամբողջությամբ ներակայցնում ենք ստորեւ.
Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ակընկալիք ունեմ ճիշտ ընկալվելու: Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին: Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունը բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղել միայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կարևորությունը:
Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը։ Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում:
Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների` Քյարամյանը հայտարարագրել է 32 միլիոն ՀՀ դրամ, 48 հազար ամերիկյան դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք, ավտոտնակ եւ ութ միլիոն դրամը գերազանցող զարդեր: